top of page

Գրողը եւ իր ակորդները

Մեր «Network-ի» անդամ Րաֆֆի Վարդանյանի գեղարվեստական եւ իրական պատմությունները եւ դրանց միջակայքում ընկած այլ պատմություններ

Սեպտեմբերի 16, 2019  |  հեղ.` Creative Armenia

Գրող, երաժիշտ և «Network-ի» անդամ Րաֆֆի Վարդանյանը խոսում է իր գրական կարիերայի, երաժշտության, բանտերում կամավորական գործունեության և փախստականների վերաբնակեցման գործընթացի մասին:

0A2A3850.jpg

CA. Դուք գրող եւ երաժիշտ եք։ Կպատմե՞ք թե ինչպես է գրողի տեսանկյունը  ազդեցություն ունենում ձեր երաժշտության վրա և հակառակը:

ՐՎ. Բառերն անհրաժեշտ են մեր միտքը հասկանալու համար, երաժշտությունը՝ հոգին։ Երկուսն էլ հավասարապես բարդ են՝ լինելով մարդու հիացմունքի եւ հրապուրանքի հավերժական մասնիկները։ Գրելիս ես մտածում եմ նախադասության ռիթմի, բառերի հնչողության, արտահայտությունների զարգացման մասին, որոնք ժողովվում ու մի ամբողջություն են դառնում։ Երաժշտություն ստեղծելիս մտածում եմ մեղեդու ձեւավորման, ակորդի հնչողության կամ այն մասին, թե ինչպես կարող է մեկ նոտան կատարյալ բառի նման հասնել նշանակետին։

Որքան ավելի եմ սուզվում ստեղծագրելու և երաժշտության մեջ, այնքան ավելի շատ եմ ընդհանրություններ գտնում։ Սա արտասովոր դիտարկում չէ։ Հիանալի ստեղծագործողներ՝ ինչպիսիք են Էկտոր Բեռլիոզը և Սայաթ Նովան օգտագործել են գրավոր և ձայնային հաղորդակցության ուժը ՝ պատմություն պատմելու համար։ Որոշ պատմություններ պահանջում են գրավոր ներկայացում։ Բայց կան պատմություններ,  որոնք ապրում են լեզվի սահմաններից դուրս: Սակայն այն պահին, երբ ես փորձում եմ նկարագրել երաժշտությունը, բնութագրման մեջ ինչ-որ բան կորում է։ Ես կարող եմ օգտագործել բառեր երաժշտությունից առաջացած զգացողությունը նկարագրելու համար, կամ տեխնիկական ժարգոն՝ ձայնի հատկությունները բնութագրելու համար, սակայն երաժշտությունն ինքնին բառերով հնարավոր չէ նկարագրել։ Ես կարծում եմ, որ պետք է ազատվենք երաժշտությունը բառերով արտահայտելու մարտահրավերից, քանի որ գիտեմ, որ հասել եմ այնտեղ, որտեղ բառերը ավարտվում են, և սկսվում է անասելին։

CA. Դուք ունեք Կոլումբիայի համալսարանի արվեստի մագիստրոսի աստիճան ստեղծագրության եւ ոչ-գեղարվեստական գրականության մասնագիտացմամբ։Կպատմե՞ք Ձեր գրվածքների մասին։ Արդյոք ստեղծագրական և ոչ-գեղարվեստական ոճերը երբևէ միաձուլվո՞ւմ են, և ինչպե՞ս եք պահում տարանջատող սահմանը։

ՐՎ. Գրելը կյանքի խճճված, գեղեցիկ և առատաձեռն նվերը ըմբռնելու փորձն է։ Այն օգնում է հասկանալ ինձ շրջապատող աշխարհը։ Մեր ժամանակաշրջանի մարդիկ, քաղաքականությունը և համոզմունքները ոգեշնչում են ինձ քննելու ավելին, ենթադրությունները կասկածի տակ դնելու, միացնելու կետերը և արտահայտելու լարվածությունները։ Կար ժամանակ, երբ ես փորձում էի մեկ ժանրի գրող լինել։ Ես տառապում էի ինքնապարտադրված սահմանների ծանրությունից։ Վերջիվերջո, ես տեղ տվեցի իմ պատմություններին եւ գտա իմ դերը որպես ունկնդիր եւ փոխադրող։ Ես փորձում եմ պատմվածքը պատմել այնպես, ինչպես այն է պահանջում, քան հավատալ, որ պետք է թելադրեմ պատմվածքի ձեւաչափը։ Եթե պատմությունը պահանջում է երկխոսություն, ես փորձում եմ պիես գրել։  Տեսողական ուղղվածությամբ պատմությունները համապատասխանում են էկրանին։ Ինչ-որ հարցի հոգեբանական և զգայական հարթությունները քննարկելը նախընտրում եմ արձակով։ Բոլորս ունենք պատմություններ, որոնք հնարավոր չէ բառերով պատմել, եւ արտահայտվելու համար համապատասխան միջոցներ ենք ընտրում՝ լինի դա երաժշտություն, խոհարարություն, պար, թե փայտահատելը։ Ես կարծում եմ, որ այն ինչ մենք անում ենք այնքան էական չէ, որքան թե ինչպես ենք դա անում։ Լավագույն պատմությունները մարդկային փորձի հետ հաղորդվում են նորարար ու մարտահրավեր նետող եղանակներով։

Գեղարվեստական եւ ոչ-գեղարվեստական ստեղծագրության տարբերությունը կարևոր նկատառումներ է առաջ քաշում։ Առաջին հայացքից դրանք տարբեր են մեզ թվում։ Գեղարվեստականը համարում ենք հորինված, իսկ ոչ-գեղարվեստականը՝ փաստերի վրա հիմնված։ Այնուամենայնիվ, որքան ավելի ենք ուսումնասիրում, ինչքան լայնածավալ է դառնում մեր վերլուծությունը, այնքան ավելի հստակ ենք տեսնում, թե ինչպես են դասակարգումների նուրբ սահմանները, ստեղծված տնտեսության, քան արվեստի կողմից, սկսում անհետանալ։

Raffi9.jpg

Իր «Տարիներ» գրքում ֆրանսիացի գրող Էննի Էրնողը համատեղում է գեղարվեստականն ու ինքնակենսագրականը՝ շեշտադրելու գերսպառողական հասարակության կործանարար պատկերը, որը գրավել է արևմուտքը, եթե ոչ ամբողջ աշխարհը։ Գեղարվեստականը սերում է իրականությունից։ Մտածեք, թե ինչպես են «Մատրիցան» կամ «Տարիներ և տարիներ» և «Սեւ հայելի» հեռուստաշոուները օգտագործում ներկայիս թվային դարաշրջանի փաստերը՝ ժամանակն առաջ տալու եւ ապագայի մեր ընթացքի մասին պատկերացում կազմելու համար։ Նույնը Ջորջ Օրուելն է արել իր հայտնի «1984» վեպում։

Նմանապես, ոչ-գեղարվեստական գրականությունը բխում է երևակայության այն տարրերից, որոնք մենք կապում ենք գեղարվեստական գրականության հետ։ Մեզ դուր են գալիս ոչ-գեղարվեստական ժանրի հեղինակների մտորումները, եզրահանգումները և հարցադրումները, որոնք իրականությունը օգտագործում են որպես անսահման հնարավորությունների ցատկահարթակ։ Ես սովորել և փորձում եմ առաջնորդվել այն սկզբունքով, որ ոճը նույնքան կարևոր է, որքան ժանրը, եթե ոչ ավելին։ Ոճի տարրերը մեզ բոլորիս հայտնի են՝ բառերի ընտրություն, ձեւակերպում, նախադասության բազմազանություն, կառուցվածք, երկխոսություն և այլն։ Այն երկար, ոգեշնչող ցուցակ է, որն արժե դնել տարրերի պարբերական աղյուսակի կողքին։

CA. Դուք նաեւ ուսուցիչ եք։ Եվ բավականին հետաքրքիր է այն փաստը, որ բանտերում եք դասավանդում: Կմանրամասնե՞ք։

ՐՎ. Երբ դեռ փոքր էի, ընտանիքիս հետ միասին ամռանը այցելում էինք Բեյրութում ապրող մեր բարեկամներին։ Այնտեղ ես ականատես եղա,  թե ինչպես էր երկիրը վերականգվում 15 տարվա քաղաքացիական պատերազմից։ Ավիրված շինությունները, անհամար մուրացկանները և անթիվ պատերազմական պատմությունները բոլորովին տարբերվում էին իմ ընտանիքի համեմատաբար պարզ կյանքից՝ Բալթիմոր քաղաքից դուրս։ Միայն ավելի ուշ իմացա ռասիզմի, բռնության և խտրականության մասին, որոնք տարածվում էին ամերիկյան քաղաքներով, ինչպիսին իմ հայրենի քաղաքն էր։ Բայց որպես երեխա, ես միայն ակնարկներն ու կտորներն էի հավաքում։ Ինձնից ավելի երկար ժամանակ պահանջվեց մեծ պատկերը կազմելու համար։ 

Վաղ տարիքի լիբանանյան այցերը ինձ ցույց տվեցին կյանքի այն անհամաչափությունները, որոնցում ծնվում են մարդիկ։ Ինձ բախտ է վիճակվել հաճախելու ճիզվիտական ավագ դպրոց, որտեղ մյուսներին ծառայելը կարևոր մանկավարժալան հիմք էր։ Դպրոցի վերջին տարուն նախորդող ամռանը ես դասընկերներիս հետ  երկու շաբաթ անցկացրի Մերիլենդի արևելյան ափին ՝ օգնելով մտավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդներին։ Ուսումնական տարում մենք աջակցում էինք անօթևան և հիվանդ մարդկանց։ Այս նախաձեռնությունները կյանքիս ամենակարևոր փորձառություններն են եղել։ Անծանոթ միջավայրում նոր մարդկանց հետ կապ հաստատելը ընդլայնեց իմ հարմարավետության գոտուց դուրս գտնվող աշխարհի մասին պատկերացումը և օգնեց գիտակցել, թե որքան բախտավոր էի։ Քոլեջում ես այս գործունեությունը շարունակելու եղանակներ էի փնտրում։ Արդյունքում երկու անգամ հեծանվով շրջեցի ԱՄՆ-ով, որպեսզի քաղցկեղի հետազոտման և հիվանդանոցի խնամքի համար միջոնցեր հայթհայթեի, իսկ գարնանային արձակուրդներին ուղեւորվեցի Ջամայկա եւ Կոստա Ռիկա։

Բանտերում դասավանդելը վերոհիշյալ գործընթացի բնական ընդլայնումն էր: Երբ Նյու Յորքում սովորում էի ստեղծագրություն, գիտեի, որ ուզում եմ կամավորությամբ զբաղվել։Գրելը հաճախ դառնում է միայնակ ու ինքնապարփակ գործընթաց։ Ես չէի ուզում կորցնել շրջապատող աշխարհի հետ կապս և մարդկանց աջակցելու անգնահատելի փորձառությունը։ Համալսարանի մեր ֆակուլտետը անցկացնում էր կամավորական դասավանդման ծրագիր, և նրանք ընդունեցին Ռիկերս կղզում դասավանդելու հայտս։ Ես աշխատում էի հիանալի դասավանդողների հետ, իսկ այնտեղի ուսանողները լի էին ստեղծարարությամբ, սովորելու անհագ ցանկությամբ և երախտապարտ էին բանտային կյանքի խեղդող առօրյան փոխելու հնարավորության համար։ Ուսանողների պատմությունները լսելով՝ բացահայտեցի Ամերիկայի բանտային համակարգի անարդարությունները։ Շատերը բանտում են հայտվում չնչին թմրանյութերի տարածման և դրա դիմաց գրավ մուծել չկարողանալու համար։ Մեր ուսանողների մեծ մասը նույն թաղամասերի տարբեր ռասսաների պատկանելիությամբ մարդիկ էին, որոնց ամենամեծ հանցագործությունը գրավի դիմաց վճարելու անկարողությունն էր։ Ես անակնատես եղա, թե ինչպիսի ահռելի եւ դժվարին գործ են տանում ուղղիչ բանտի ոստիկանները՝ կառավարելով լարված և դժվարին միջավայրը։ Ինչպես նաեւ, թե ինչպես էր քաղաքի ուղղիչ վարչությունը մեկը մյուսին հաջորդող արգելքներ դնում, որպեսզի դժվարացնի կամավորների մուտքը բանտեր։ Ամսագրերի վերնագրերի հակիրճ վերլուծություններից կարելի է ենթադրել, որ Ռիկերս կղզին իրենից ներկայացնում էր նաև քաղաքի եւ պետական աշխատողների միջեւ ընկած քաղաքական գործարքի մաս, որը բախվում էր բյուջեների և տեղական իշխանությունների հետ։ Այս իրադրությունների հետևանքը մեր ուսանողների կյանքի խեղաթյուրումն էր, եւ հասարակության կողմից որպես հանցագործների պիտակավորումը։

CA. Լինելով Creative Armenia Network-ի անդամ՝ դուք վերջերս ստացաք դրամաշնորհ երաժշտական նախագծի համար։ Նախագծի մասին ավելին կպատմե՞ք։

ՐՎ. Աշխատում եմ մի ալբոմի վրա, որը ներառում է 10 օրիգինալ կոմպոզիցիաներ կիթառի, ուդի, մանդոլինի վրա՝ բասի և հարվածային գործիքների նվագակցությամբ։ Այս կոմպոզիցիաները երկար տարիների աշխատանքի արդյունք են: Սկզբից մինչեւ վերջ, յուրաքանչյուր նոտան, ակորդը, զարգացումը եւ դադարը մանրակրկիտ կերպով մտածված են։ Ըստ էության, այս ալբոմը փորձ է կապ ստեղծելու իմ երկու հիմնական  երաժշտական ինքնությունների՝ Ապալաչիայի ի և Անատոլիայի միջև: Վերջերս մենք ավարտեցինք ձայնագրությունը Լոս Անջելեսում, և այժմ մի քանի այլ տեքստային հատվածներ կան, որոնք պետք է ներառվեն՝ նախքան մեղեդիի հետ միաձուլելը եւ փորձեր անելը։

CA.Դուք նաև հասարակական ակտիվիստ եք և աշխատել եք փախստականների վերաբնակեցման նախագծի շրջանակներում։ Կարո՞ղ եք ավելին պատմել այդ փորձառության մասին։ Արդյոք դա Ձեզ փոխե՞լ է որպես գրող։

ՐՎ. Իմ հայրենի քաղաք Բալթիմորում փախստականների վերաբնակեցման կենտրոնում աշխատելն ինձ շատ բան սովորեցրեց ծննդավայրիս և հայկական արմատներիս մասին։ Ամեն տարի մեր կենտրոնը կացություն էր տալիս մոտ 1000 փախստականների և ապաստան խնդրողների՝ հիմնականում Իրաքից, Իրանից, Բուրմայից, Էրիթրեայից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։ Իմ գործընկերներից շատերն էլ նախկին փախստականներ էին, որոնք փախուստի էին դիմել իրենց երկրներից քաղաքական բռնի հետապնդումների պատճառով։ Բալթիմորում մենք օդանավակայանից դիմավորում էինք նոր ժամանած ընտանիքներին, կացություն տալիս, աշխատատեղեր գտնում, դիմում ժամանակավոր օգնության, երեխաներին դպրոցում գրանցում, հերթագրում բժշկական ստուգումների և լեզվի դասընթացների։ Ես խանութ էի աշխատեցնում, որը նվիրաբերում էր անվճար հագուստ և տնային հարմարություններ, ինչպես նաև առաջարկում կամավորության և պրակտիկայի հնարավորություններ։ Ճիշտ գործունեություն ծավալելու համար ես պետք է ավելի լավ ճանաչեի իմ կոլեգաներին, մարդկանց՝ ում աջակցում էինք, եւ համաքաղաքացիներին, որոնց ուզում էինք ներառել այս գործընթացում։ Ամեն օր ես հանդիպում էի ընտանիքների, որոնք անցել էին դժվարությունների միջով, որոնցով անցել էին իմ տատիկ-պապիկներն ու նախնիներն հայոց ցեղասպանության ժամանակ։ Այն ինձ օգնեց հասկանալ, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ գոյատևման և տոկունության համամարդկային պատմություն է։ Այն նաև ինձ օգնեց գիտակցել այն անհավատալի ընդվզումը, որն իմ ծնողները զգացել են որպես ներգաղթյալներ, որոնք քաղաքացիական պատերազմի պատճառով չէին կարողանում վերադառնալ Լիբանանի տուն։ Մեր աջակցած փախստականներն ու ապաստարան հայցողներն օգնեցին ինձ գնահատել, թե ես որքան արտոնություններ ունեմ, որ ծնվել եմ համեմատաբար խաղաղ և օրենքի գերակայությամբ վայրում: Նրանք նաև սովորեցրին ինձ համառության, արժանապատվության և հույսի իրական իմաստները։

CA. Ո՞րն է Ձեր ստեղծագործական կարիերայի երկարաժամկետ տեսլականը։

Բառերի, հնչյունների և քաղաքացիական ներգրավվածության միջոցով շարունակել պատմել պատմություններ, որոնք արտացոլում են իմ նվիրվածությունը սոցիալական  արդարությանը, ստեղծարարությանն ու նորարար հաստատություններին։

bottom of page