top of page

Ազգայնականության գաղտնիքը. Վասիլի Գրոսմանի հուսկ հանդիպումը Հայաստանի հետ

1962թ.-ին ԽՍՀՄ մեծն վիպասանը ճակատագրական ճամփորդություն կատարեց դեպի Հայաստան: Ահա թե ինչ հայտնաբերեց նա:

Մայիսի 16, 2017  |  հեղ.` Լիել Լեյբովից

Screen Shot 2019-01-23 at 4.01.10 PM.png

Վասիլի Գրոսմանը` «Կարմիր աստղի» (Красная звезда) համար աշխատելիս: Գերմանիա, 1945թ.

1962 թվականին Մոսկվա-Երեւան գնացքը բարձրացող Վասիլի Գրոսմանին չէր կարելի երջանիկ մարդ համարել։ Մեկ տարի առաջ խորհրդային գրախոսությունն արգելել էր նրա «Կյանք եւ ճակատագիր» վեպի տպագրությունը, որն էպիկական, սրտառուչ մի պատում էր Ստալինգրադի ճակատամարտի վերաբերյալ։ Ճիշտ է՝ դա գլուխգործոց էր, սակայն մի գլուխգործոց, ըստ որի՝ Հայրենական մեծ պատերազմն այլ բան չէր, քան դառն ու դաժան պայքար երկու ռեպրեսիվ տոտալիտար ռեժիմների՝ նացիզմի ու ստալինիզմի միջեւ, որոնք մեկը մյուսի չափ ավերիչ էին եւ մարդկությանը հավասարապես ներհակ։ Գրոսմանի բնակարանը խուզարկելու ուղարկվեցին ՊԱԿ-ի երեք գործակալներ, որոնք առգրավեցին ոչ միայն ձեռագիրը, այլեւ տպագրական մեքենայի ժապավեններն ու պատճենաթղթերը։ 

 

Կյանքի գործը փակի տակ տեսնելով՝ Գրոսմանի հոգին խորապես խռովվեց։ Հուսահատ՝ նա դիմեց անձամբ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարին։ «Ֆիզիկապես ես ազատ եմ, բայց գիրքս, որին նվիրել էի կյանքս, բանտարկված է»,– գրեց նա Նիկիտա Խրուշչովին։ – «Իսկ դրա գրողը ե՛ս եմ, եւ ես երբեք չեմ ուրացել ու չեմ ուրանալու իմ ստեղծագործությունը… Հակառակը՝ շարունակելու եմ հավատալ, որ գրել եմ ճշմարտությունը, գրել եմ՝ մարդկանց սիրելով, կարեկցելով ու հավատալով։ Խնդրում եմ ազատ արձակել իմ գիրքը»։

 

Ազատ արձակելը տարբերակ չէր, մինչդեռ անվճար ուղեւորությունը՝ է՛ր։ Իբրեւ սփոփանք՝ Գրոսմանին ձրի տոմս առաջարկեցին դեպի Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեւան՝ տալով նաեւ կանխավճար հայազգի գրող Հրաչյա Քոչարի՝ «Մեծ տան զավակները» վեպի թարգմանության համար։ Գրոսմանը փայլուն գիտակցում էր, որ այդ «հանձնարարականն» իրեն զբաղեցնելու միջոց էր ընդամենը… Նույն վեպի ռուսերեն թարգմանությունը հրատարակվել էր դրանից դեռեւս հինգ տարի առաջ։ Այդուհանդերձ, ընկճված ու ձեռնունայն, Գրոսմանն ընդունեց առաջարկը։ Նա չգիտեր, որ Հայաստանում մի քանի ամիս անցկացնելուց հետո գրելու էր իր հաջորդ գիրքը՝ վերնագրելով «Դոբրո վամ»՝ հայերեն «Բարեւ ձեզ» ողջույնի խոսքի ռուսերեն թարգմանությունը, որը բառացիորեն նշանակում է՝ բարին ընդ ձեզ։ Սա նաեւ նրա վերջին գիրքն էր լինելու։ Խորհրդային իշխանությունը կրկին արգելելու էր դրա տպագրությունը եւ սպասելով մինչեւ Գրոսմանը 1964 թվականին մահանար ստամոքսի քաղցկեղից՝ նրա վերջին վկայությունը տպագրելու էր՝ հանելով ամբողջական գլուխներ։

Screen Shot 2019-01-23 at 4.01.16 PM.png

«Հայկական նոթեր» վերնագրված 2013 թվականի վերահրատարակությունը (Ռոբերտ Չանդլերի անգլերեն թարգմանությամբ) վերստեղծում է Գրոսմանի ուղեւորության ամբողջական պատկերն իր առաջնային՝ անեղծ տեսքով, եւ բոլորիս հնարավորություն է տալիս թափանցելու վարպետի ներաշխարհը՝ նրա տաղանդի բարձրակետում։ Գիրքը մեծ չէ, բայց լեցուն է դեպքերի ու դեմքերի բազմազանությամբ, ինչը հայաստանյան գավառներում հեղինակի կատարած դիտարկումներին հաղորդում է բարոյական հրատապության միեւնույն կշիռը, ինչ եւ հանրային զուգարան գտնելու եւ այլեւս անտանելի կարիքից ազատվելու նրա հաճախակի (եւ ծիծաղելի) փորձերին։ Մեծ բավականություն է կարդալ մի հեղինակի, որն իր միզապարկի նկատմամբ նույնքան ուշադիր է, որքան եւ սրտի նկատմամբ։ Բայցեւայնպես, զգացվում է, որ գրողի հոգին խռովված է, եւ նույնիսկ Հայաստանի հմայքներն ունակ չեն բուժելու նրան իր տկարությունից։

 

Առաջին իսկ օրից Գրոսմանին ցնցում եւ նրա կոսմոպոլիտ էությունը խորապես խոցում է այն ազգայնականությունը, որին նա ամեն քայլափոխի բախվում է Երեւանում կամ այլուր, երբ բացառիկ կրթված, մտավորական մարդիկ՝ կին թե տղամարդ, խոսում էին իրենց փառահեղ Արարատից, ուր հանգրվանել էր Նոյի տապանը, եւ պարծենում Հայաստանի բանաստեղծներով ու ճարտարապետներով՝ կարծես ամբողջ պատմության ընթացքում նրանցից լավը երբեք չէր եղել։ Իրենց ազգի ու դրա հարազատ զավակների չդադարող գովքը ստիպում է Գրոսմանին ընդունել պաշտպանվողի կեցվածք՝ անցնելով համընդհանուր եղբայրության օրհներգի տարփողմանը.

 

«Կարեւորը ազգային կարծրատիպերի կաղապարներից իսկապես ավելի մարդկային մակարդակի անցնելու պահանջն է։ Կարեւորը մարդ էակի սրտի ու հոգու հարստությունները բացահայտելն է։ Կարեւորը գիտության ու պոեզիայի մարդեղեն բովանդակությունն է, ճարտարապետության համաշխարհային գեղեցկությունն ու հմայքը։ Կարեւորը մարդկային խիզախությունն է, վեհանձնությունը….»։ Եւ այլն…

 

Առանձնապես դժվար չէ հասկանալ, թե ինչու էր հրեա մտավորականը՝ Հոլոքոստի առաջին ականատեսներից մեկը, որի՝ «Տրեբլինկայի դժոխքը» հոդվածը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրանքի կողմը ներկայացրել էր որպես ապացույց, ազգային հպարտության բոլոր ձեւերը համարելու խնդրահարույց եւ անհանգստացնող։ Հիտլերի թունավոր գաղափարախոսության անունից իրագործված բոլոր ոճիրները հաշվի առնելիս արդյո՞ք սպասելի չէր ազգայնականության կտրուկ մերժումը։ Եւ արդյո՞ք խավարամիտ շովինիզմի լավագույն հակաթույնը ընդհանրական եղբայրության բարեհաճ ու համընդգրկուն ոգին չէր։

Screen Shot 2019-01-23 at 4.01.24 PM.png

Վասիլի Գրոսմանը Գառնիում. 1962թ.

Գրոսմանի բանականությունը թերեւս պնդում է մեն-միակ պատասխանի վրա, բայց նրա աչքերը՝ մեծ արձակագրի ամենախույզ աչքերը, ուրիշ բան են նշմարում։

 

Ամեն ինչ սկսվում է Անդրեաս անունով յոթանասունհինգամյա մի անբանի մասին պատմությամբ։ Անդրեասը, լինելով զորավար Անդրանիկի հավատարիմ զինվոր, երբեք չէր դադարել իր արդար կռիվը վարելուց։ Կյանքի միապաղաղ ողբերգությունները նրա համար չէին։ Նա պարբերաբար ծեծում էր կնոջը, սակայն երբ կինը վախճանվեց, հրաժարվում էր նրան հուղարկավորելուց։ «Գրկում էր ու գրկում»,– գրում է Գրոսմանը,– «համբուրում՝ փորձելով իր սիրելի, բայց մահացած կողակցին նստեցնել սեղանի մոտ եւ ուտելու բան տալ։ Ոչ ոք չէր համարձակվում բառ անգամ ասել խելքը թռցրած ծերունուն, որը չէր հավատում, թե կինն արդեն չկա, մեռել է»։

 

Երբ նրա գյուղում վերջապես որոշում են ապամոնտաժել Ստալինի ոսկեզօծ արձանը, որը տասը տարուց ավելի գերիշխում էր հրապարակի վրա, Անդրեասը, ընդունելու անկարող, ընկնում է կատաղության գիրկն ու սկսում հարձակվել բոլորի վրա, ով կփորձեր պատվանդանից պոկել բրոնզաձույլ բռնակալին։ Գրոսմանն իսկույն հասկանում է դրա պատճառը։ Մի քանի տասնամյակ առաջ Անդրեասը սեփական աչքով տեսել էր, թե ինչպես են կոտորում իր ընտանիքը, ինչպես են կործանում իր տունը։ Նրա մտքում «Ստալինը գերմանացիներին հաղթողն էր։ Իսկ գերմանացիները դաշնակից էին թուրքերին։ Ստացվում էր, որ Ստալինի արձանը կործանում էին թուրքական գործակալները։ Իսկ թուրքերը սպանել էին հայ կանանց ու երեխաներին»։

 

Ոռնացող, ցնորված գյուղացին մինչեւ հոգու խորքը հուզում է մտավորական մոսկվացուն, ինչի պատճառը, կարելի է գուշակել, ավելին էր, քան սովորական մարդկային կարեկցանքը։ Անդրեասին Գրոսմանը բնավ չի խղճում այնպես, ինչպես դա կաներ պակաս տաղանդավոր գրողը։ Նա հասկանում է, որ թեպետ սառը դատողությամբ մոտենալիս այդ մարդու տրամաբանությունը գուցեեւ խեղված է թվում, այն խորապես ճշմարիտ է եւ ամբողջովին խոհեմ։ Անդրեասի փաստարկումը հենվում է շատ պարզ հավասարման վրա՝ թուրքերը կոտորել են իմ ժողովրդին, ուստի նրանց բարեկամներն ինձ թշնամի են, իսկ թշնամիները՝ բարեկամ։ Խորհրդային մայրաքաղաքում հռչակ վայելող գրողների որդեգրած յուրատեսակ աշխարհաքաղաքացիությունը չէր հանդուրժի այդքան պարզ ու հասարակ տարբերակում։ Բայց Գրոսմանը չի կարողանում դիմադրել. նա գիտի, որ Անդրեասն ավելի շատ ճիշտ է, քան սխալ։

 

Եւ ինչպե՞ս ճիշտ չլիներ։ Անդրեասի նման՝ Գրոսմանը եւս տեսել էր իր ժողովրդի կոտորածը, ընդ որում՝ ոչ միայն Լեհաստանում, Ուկրաինայում եւ Եւրոպայով մեկ՝ նացիստների ձեռքով, այլեւ Ստալինի կողմից՝ Ռուսաստանում, երբ ցուցադրական ու նողկալի դատավարություններից հետո նա կորստյան մատնեց հազարավոր հրեաների։ Գրոսմանը գիտեր, որ այդ զոհերից շատ շատերը մինչեւ վախճան պնդում էին, որ իրենք առաջին հերթին ոչ թե հրեա են, այլ երկրի հավատարիմ ու օրինապահ քաղաքացի։ Ստալինի զտման քաղաքականության բովում ոչնչացված բազում հրեա բժիշկներ, պոետներ ու վաճառականներ հաճախ մեռնում էին՝ աշխարհաքաղաքացիական արժեքների նկատմամբ հավատն անխաթար պահելով։                                                      

 

Այնինչ, Գրոսմանն ավելի խորաթափանց էր։ Լինելով մարդկային զգացմունքների նրբանկատ «ցուցիչ»՝ նա, դժկամությամբ հանդերձ, ընդունում է, որ մարդիկ իրենց ընկալում են գերազանցապես իբրեւ որեւէ խմբի անդամ, իսկ այդ խմբերն ինքնին իրենց գիտակցում են ըստ այն երկրների, որտեղից ծագում են։ Առանց հենց այդ լեռան կամ հենց այդ լճի կամ հենց այդ ավանդույթի, առանց արմատների՝ մարդկային բովանդակ փորձառությունը փոխատեղելի է, այսինքն թե՝ հավասարապես անիմաստ։ Ի վերջո, ի՞նչ է եղբայրությունը՝ առանց արյունակցության։ Հայաստանում Գրոսմանի շրջագայությունը հաշտեցման մի պատմություն է այդ բարդ, բայց հիմնարար գաղափարի հետ։

 

Իրոք, օրինակ, գրքի կեսում նա, ահա, վերապատմում է իր լսած դրվագը երկու ընտանիքների մասին, որոնք կեսգիշերին հատում են Արաքսը, որպեսզի գնան նախնյաց երկիր։ «Սկզբից տղամարդը մտավ ջուրը»,– գրում է Գրոսմանը։ – «Գետը հասնում էր մինչեւ կրծքավանդակ, հզոր հոսանքը մեծ ուժով ճնշում էր նրանց վրա՝ հողը փախցնելով ոտքի տակից։ Ջուրը ոռնում էր ու շառաչում, կլոր քարերն անձայն սահում ու գլորվում էին ոտքի տակ՝ չուզենալով կրել նրանց ծանրությունը։ Սրընթաց հոսանքը թվում էր սեւ ու ահավոր՝ ասես մահվան տեսիլ»։ Երբ ընտանիքները, գետը հսկող թուրք զինվորների աչքից վրիպելով, վերջապես հասնում են գետի մյուս ափը, ծնկի են իջնում, համբուրում գետինն ու սկսում հեկեկալ։ Մեկը սուլոց է արձակում, եւ շուտով հայտնվում են հայկական կողմի սահմանապահները՝ բերելով չոր հագուստ ու խնդրելով նրանց հետ դառնալ տուն։

 

Սա դրամատիկ մի դրվագ է, բայց այնպիսին, որը, անշուշտ, արձագանք կգտներ հատկապես հրեաների սրտում, որոնց համար արդի պատմության մի ստվար հատվածը հենց պատմական հայրենիք դարձի վտանգաշատ ճանապարհի մասին էր։ Ազգայնական այս կարոտն ու ձգտումը Ջորջ Էլիոթը զետեղել է որպես առաջաբան իր «Դանիել Դերոնդա» պրոտո-սիոնիստական նովելում, որը տպագրվեց քսան տարի ավելի շուտ, քան Թեոդոր Հերցլը կնախաձեռներ այն շարժումը, որի արդյունքում երկհազարամյա տարագրությունից հետո վերածվելու էր հրեական պետականությունը։ «Ըստ իս»,– մտորում է Էլիոթի հերոսը,– «մարդկային կյանքը պետք է արմատավորված լինի բնիկ երկրի մի անկյունում։ Այդտեղ դա կժառանգի մի սեր՝ լիուլի հագեցած գորովալից հարազատությամբ առ երկրի ուրվագծերն ու մարդու տքնաջան գործը, առ ձայներն ու ելևէջները, որ կախարդում են այն, առ այն ամբողջ ծանոթ ու անվրեպ զանազանությունը, որը հին տունը կտա գիտելիքի գալիք ընդլայնման ընթացքում՝ լինելով մի տեղանք, ուր վաղագույն հիշողությունների հստակությունը ներհյուսված է զգացական կապվածությամբ, իսկ բոլոր հարեւանների եւ անգամ շների ու ավանակների հետ բարեհոգի ծանոթությունը ստեղծվում ու ապրում է ոչ թե զգացմունքային ջանքի ու մտածմունքի շնորհիվ, այլ արյան քաղցրիկ սովորույթի»։

 

Այս քաղցրիկ սովորույթները Հայաստանում ակներեւ են ամենուր։ Գրոսմանին հանդիպած տղամարդիկ ու կանայք գաղափարներ չեն խաղացնում, չեն հարում հոսանքների. նրանք ապրում են ազգային ավանդույթներով, որոնք նույնքան հին են ու անսասան, որքան այն ժայռերը, որ շարունակ գրավում են քաղաքաբնակի նրա ուշադրությունը։ Նրանք արմատներ ունեն, իսկ ինքը՝ Թափառող հրեան, փորձում է ըստ կարելվույն համոզել իրեն, թե այս մարդկանցից ավելի զարգացած է, ավելի խելացի եւ ավելի հասու ժամանակակից ճշմարտություններին, որոնք անմեկնելի են Սեւանա լճի ափին իշխան ձուկ վաճառող անտաշ գյուղացուն։

 

Գրքի վերջում գրողը խոստովանում է իր սխալը։

 

Նա հարսանիքի է հրավիրված փոքրիկ մի գյուղի փոքրիկ ակումբում, նստած է դատարկ արկղերի վրա իբրեւ սեղան հարմարեցված տախտակի մոտ՝ թանձր ծխի մեջ, ու զարմանում է, թե բաժակաճառերից ինչքան քչերն են ձոնվում հարսին ու փեսային, եւ ինչքան շատը՝ Հայաստանին ու դրա փառքին։ Վեր է կենում հյուծված մի ծերունի՝ զինվորական հագուստով, ու սկսում խոսել. Գրոսմանն իսկույն հասկանում է, որ ծերունին դիմում է իրեն։ Ինչ-որ մեկը թարգմանում է… Մարդը «խոսում էր հրեաների մասին՝ ասելով, որ պատերազմում գերի ընկնելուց հետո տեսել է, թե ինչպես են բոլոր հրեաները զատվել ու տարվել առանձին տեղ, եւ թե ինչպես են սպանվել իր բոլոր հրեա ընկերները։ Նա պատմում էր, թե սրտում որքան կարեկցանք ու սեր ուներ հրեա կանանց ու երեխաների նկատմամբ, որոնք զոհվեցին Օսվենցիմի գազախցերում։ Ասում էր, որ կարդացել է պատերազմի մասին իմ հուշերը, որոնցում կային նաեւ հայերի նկարագրություններ, ու մտածել, թե ինչպես է ստացվել, որ հայերի մասին գրող այս մարդն այն ազգից է, որը նույնպես մեծ տառապանքներ է կրել։ Նա հույս էր հայտնում, որ շատ չի անցնի, երբ բազմաչարչար հայ ժողովրդի զավակներից մեկը կգրի նաեւ հրեաների մասին։ Եւ հանուն սրա նա բարձրացրեց իր բաժակը»։

 

Փոքրիկ սենյակում ժողովված բոլորը ոտքի են կանգնում։ Բոլորը կենաց են ասում՝ հիշելով զույգ ցեղասպանությունները, որոնք իրենց կապում են Մոսկվայից ժամանած հյուրի հետ։ Եւ Գրոսմանն ահա տեսնում է, թե ազգայնականությունն իրականում ինչ է կամ ինչ պիտի լինի՝ ոչ թե խորը վիհ, այլ կամուրջ մարդկային մշակույթների միջեւ, որոնցից ամեն մեկը հպարտ է իր ժառանգությամբ եւ խանդավառ՝ պատմելու ու կիսվելու մյուսի հետ ոչ միայն նմանություններով, այլեւ ունեցած բոլոր տարբերություններով։ Սա շատ ավելի հարուստ ու խորքային մի տեսլական է, քան Խորհրդային Միությունում ժողովուրդների բարեկամության թմբկահարվող պարտադրանքը՝ հաճախ պարզապես զվարթ մի դիմակ, որը թաքցնում էր անհանդուրժողության, հալածանքի ու մարդասպանության այլանդակ երեսը։ «Մինչեւ կյանքիս վերջը»,– գրքի վերջին էջում իր դիտարկումն է անում Գրոսմանը,– «ես չեմ մոռանա այն խոսքերը, որոնք լսեցի գյուղական այդ ակումբում»։

 

Իրեն հյուրընկալած հայերից հրեա մտավորականը սովորեց ազգայնականության գաղտնի իսկությունը՝ հին մի գաղափար, որը պնդում է, որ իրական բազմազանությունը, հավասարությունն ու համակրանքը կծաղկեն միայն, եթե արմատավորված լինեն որոշակի հայրենիքի որոշակի հողում, որոշակի կրոնում, հավատալիքների ու ավանդույթների որոշակի համակարգում։ Մերօրյա շատ ու շատ ուսյալ մարդկանց պես նա նստեց Երեւան տանող գնացքը՝ համարելով, որ միայն անկիրթը կարող է որդեգրել ազգայնական հավատամք։ Այնինչ, նրա ուղեւորությունը հանգեցնում է միանգամայն այլ եզրակացությունների։ Ընթերցողները, որոնք հույս ունեն մի քիչ ավելի լավ հասկանալու Դոնալդ Թրամփի վերելքը կամ ասենք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելքը կամ այն ուրվականները, որոնք վերհառնում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում վարվող գրեթե բոլոր քաղաքական բանավեճերում, թող վերցնեն ու հեղինակի հետ միասին դուրս գան ճամփորդության։

ՀԵՂԻՆԱԿ

Լիել Լեյբովիցը հանդիսանում է «Կոտրված ալելույա` Ռոքենռոլ, Քավություն եւ Լեոնարդ Քոհենի կյանքը» գրքի հեղինակը։ Նա «Tablet Magazine»-ի ավագ գրողներից է , իր ներդրումն ունի բազմաթիվ հրապարակումներում՝ ներառյալ «The Wall Street Journal»-ը։

bottom of page