Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Երաժշտական մատրիցա

Եվ այլ բացահայտումներ Ալեքսանդր Իրադյանի հետ 

Հունվարի 2 7, 2020 |  հեղ.` Creative Armenia

«Creative Armenia - AGBU Fellow» Ալեքսանդր Իրադյանը միջազգային մրցանակակիր դիրիժոր և կոմպոզիտոր է, հաստատված Բեռլինում, ով իր առաջին դաշնամուրի կոնցերտն ունեցել է 16 տարեկանում։ Նա խոսում է իր ստեծարար ընթացքի գաղտնիքների մասին, ներառյալ նրա, թե ինչպես կրթվեց Խաչատրյանի բալետների ձեռագրերը անդադար ուսումնասիրելով։  

CA. Երաժշտական կարիերան սկսել եք վաղ տարիքում։ Ինչպե՞ս ստացվեց։

ԱԻ. Ծնողներս միշտ ազատմիտ էին իրենց երեխաների ապագայի ընտրության հարցում և, հետևաբար, ես յոթ տարեկանում սկսեցի հաճախել երաժշտական դպրոց՝ սովորելու այն, ինչ ամենից առավել եմ սիրում։ Դպրոցական տարիների ընթացքում ես հաճախում էի թատերական խմբակ, որը կոչվում էր «Անակնկալ»։ Սրանք իմ մանկության ամենակենսախինդ տարիներն էին. գրեթե ամեն շաբաթ ես երգում էի բեմի վրա, խաղում, պարում, դերակատարում՝ այլ կերպ ասած ապրում էի երիտասարդ արվեստագետի կյանքով։ 

Երբ 14 տարեկան էի, սկսեցի սովորել նվագախմբի նոտայագրություն և գործիքավորում, և այրվում էի սքանչելի բալետ գրելու ցանկությունից։ Այն ժամանակ, Արամ Խաչատրյանը նվագախմբային երաժշտության իմ կուռքն էր։ Ամեն օր դպրոցից հետո վազում էի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, մտնում բեմի ներքո գտնվող փոքրիկ սենյակը, որտեղ Խաչատրյանի բալետի բոլոր գործերն էին պահվում։ Ժամեր շարունակ ուղղակի նստում էի, սովորում նրա գործերը, փորձում հասկանալ, թե ինչպես էր միավորում և նվագախմբին հարմարեցնում իր երաժշտությունը և ինչպիսի արդյունք էր ստացվում։ Նրա գործերից շատերը ձեռագիր էին, դեռ հիշում եմ թղթի և թանաքի հոտը։ Այն հինգ հարյուր օրինակով տպագրված աշխատություն չէր, այլ մի մարդու աշխատանք, որը ամիսներ շարունակ արտագրել էր գործը։ Ուշ երեկոյան, ես այցելում էի հենց այն նույն գործի համերգային ներկայացմանը, որը ցերեկը ուսումնասիրում էի։ Այն հնարավորություն էր տալիս համեմատելու, թե ինչ եմ սովորել և ինչպես է այն հնչում։ Ահա այսպես էլ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացմանը ներկա եմ եղել քսանյոթ անգամ։ Այն աննախադեպ ուսումնական փորձառություն էր և, պետք է ասեմ, որ ընդմիշտ ազդել է իմ երաժշտություն գրելու եղանակի վրա։ Այդ ժամանակից ի վեր, ես համակարգիչ չեմ օգտագործում երաժշտական գործերս գրելու համար։ Իմ առաջ թուղթ ու գրիչ ունենալը, թանաքի հոտը զգալը և ուղիղ կապ ունենալը իմ ու գրվածքի միջև առանցքային է։ 

Տասնվեց տարեկան էի, երբ որգեշնչվեցի դաշնամուրի կոնցերտ գրելու գաղափարից։ Օր ու գիշեր նոտայագրում էի նվագախմբի համար, մշակում հաջորդող տարրերը և մտածում մանրամասները։ Նույնիսկ ամանորի գիշերը և Սուրբ ծնունդն այդ տարի գոյություն չունեին ինձ համար։ Երբ բոլորը դրսում տոնում էին, ես տանն էի՝ սենյակում գրի էի առնում իմ սիրելի երաժշտությունը։ Մեկ տարվա աշխատանքս արժանացավ անհավատալի պարգևի։ Տասնվեց տարեկան տղայի երաժշտական գործը ուսումնասիրելուց և լսելուց հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը համաձայնեց այն ներառել 2007թ.-ի համերգային ծրագրի մեջ։ Ես ընդամենը տասնվեց տարեկան էի, երբ բարձրացա բեմ և կատարեցի իմ դաշնամուրի կոնցերտը։ 

CA. Դուք կոմպոզիտոր և դիրիժոր եք և երկու տարբեր դեր ունեք դասական երաժշտության ասպարեզում։ Ինչո՞վ են դրանք իրարից տարբերվում, ի՞նչն է փոխվում Ձեր մոտեցման մեջ, երբ մեկից անցնում եք մյուսին։

 

ԱԻ. Երբեմն մարդիկ զարմանում են, երբ ասում եմ, որ ինձանից նույնքան ժամանակ է պահանջվում սեփական գործերս ղեկավարել սովորելու համար, որքան կպահանջվեր մեկ ուրիշինը անելիս։ Բայց դա ճշմարտությունն է։ 

Այս երկուսը բոլորովին տարբեր մասնագիտություններ են, և չնայած երաժշտությունն անձամբ գրելուն, որը հավելյալ  վստահություն է տալիս, գործն անգիր իմանալը այլ մոտեցում է պահանջում։ Երբ պատրաստվում եմ փորձ ղեկավարելուն, տեսանկյունս երաժշտության հանդեպ փոխվում է. դառնում եմ գործի կատարողը, ոչ թե ստեղծողը։ 

CA. Պատմե՛ք Ձեր առօրյա ստեղծագործական ռեժիմի մասին:

ԱԻ. Կարծում եմ, որ գաղափարի վրա տարվող աշխատանքը կարող է դառնալ ռեժիմ, բայց ոչ երաժշտություն ստեղծելու գաղափարը։ Այն հուզումների ճանապարհ է՝ «Էվրիկայի» հազվադեպ բացականչություններով։  

Գիտեմ, որ բավականին ծիծաղելի տեսք ունեմ, երբ աշխատում եմ։ Կարող եմ սեղանի շուրջ քայլել երեսունից քառասուն րոպե, ինքս ինձ հետ խոսելով ու երգելով, ապա կտրուկ վեր ցատկեմ ու վերադառնամ աթոռիս՝ վերսկսելով գրելը կամ դատարկ թղթին նայելը։ Այս ամենը կարող է շատ զվարճալի լինել, և որպեսզի ոչ ոք ականատես չլինի, ես հիմնականում աշխատում եմ գիշերը։ Գիշերներն ունեն իրենց հատուկ լսություն՝ ավելի քիչ աղմուկ և շարժ կա իմ շուրջ։  

Որպես դիրիժոր, իմ աշխատանքը պահանջում է գրեթե նույնքան կենտրոնացում և ժամանակ։ Երբ ես պատրաստվում եմ փորձերին, օրեր եմ անցկացնում ուղղակի գործերն ուսումնասիրելով, գործի էությանն ու կոմպոզիտորի գաղափարին հասնելով ու փորձերը ղեկավարելու գործնական ծրագիր մշակելով։ Դիրիժոր լինելը միայն կատարումը ղեկավարելը չէ, այլ նաև մի շարք նյութերի ապահովումը, պլանավորումը, և նախապատրաստումն է։ Ես վստահ եմ, որ հենց սա է այն բաղադրիչը, որն այս մասնագիտությունը դարձնում է այդքան դժվարին։

 

CA. Ձեր մոտեցումը դասական երաժշտությանը նորարար և փորձարարական է օգտագործվող տեխնիկայի տեսանկյունից։ Մի փոքր պատմեք Ձեր նորարարական ստեղծագործությունների մասին։ 

ԱԻ. Ավելի քան տաս տարի ես մշակում էի իմ անձնական բառարանը, կամ, այսպես ասած երաժշտական-լեզվաբանական մատրիցան։ Այս մատրիցայում, երաժշտական նյութը դառնում է բանալին դրա հետևում թաքնված ուղերձը հասկանալու համար։ Դա երաժշտական շրջապտույտի պես մի բան է. Դժվարին թեմաները և բաղադրիչները շարունակ հայտնվում են իմ ստեղծագործություններում, ոչ այն պատճառով, որ մտքերս են սակավ, այլ այն, որ մտադրությունս է այդպիսին՝ ստեղծելու ոչ-խոսքային լեզու և հղելու ուժեղ ուղերձ։

Ես միշտ սիրել եմ հանելուկներ և երաժշտությանս մեջ միշտ փորձել եմ կոդավորված տեղեկություն մտցնել։ Մարդիկ, որոնք քիչ թե շատ ծանոթ են իմ ստեղծագործություններին, սա զարմանալի չեն գտնի։ 

CA. Ձեր երաժշտական կարիերան սկսվել էր Հայաստանում, շարունակվել Բելգիայում, իսկ այժմ՝ Գերմանիայում։ Դասական երաժշտության հմտությունները տարբերվու՞մ են այս երեք երկրնում։

 

ԱԻ. Աշխարհի բոլոր երաժշտական հաստատությունների նպատակը նույնն է՝  երաժշտական աշխարհի հին սերնդի փորձառությունը նորի ներկայացուցիչներին փոխանցելը։ Սակայն մոտեցումները տարբեր են։ Որոշ հաստատություններ հիմնվում են նվագախմբային դիրիժորության տեսական կրթության վրա, մյուսներն ավելի պրակտիկ են։ Ինչպես գիտենք, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Սովետական միության մեջ լավագույններից մեկն էր, և ես հնարավորություն եմ ունեցել սովորելու ժամանակի լեգենդար դասախոսական սերնդի հետ։ Սա ինձ տվել է այն հիմնարար գիտելիքը, որն ավելի ուշ գործածել եմ այլ երկրներում։ Բելգիայի թագավորական կոնսերվատորիան առաջին հաստատությունն էր Եվրոպայում, որը հաճախեցի։ Այս շրջանը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ ձեռք բերեցի իմ առաջին դիրիժորական փորձը։ 

Ինչ վերաբերում է իմ կրթությանը Բեռլինի արվեստի համալսարանում, ապա ես անցա երկու տարվա ինտենսիվ դիրիժորական դասընթացներ, որոնք ներառում էին ավելի քան ութսունհինգ դիրիժորական դասեր Գերմանիայի բոլոր պրոֆեսիոնալ նվագախմբերի հետ։ Բեռլինի արվեստի համալսարանը  բացառապես նոր մոտեցում ուներ դիրիժորի մասնագիտության հանդեպ։ Այն հնարավորություն էր տալիս երիտասարդ դիրիժորներին ձեռք բերելու հնարավորին չափ մեծ փորձառություն։ 

CA. Պատմեք կարևոր մի բանի մասին, որը սովորել եք աշխարհի տարբեր երաժիշտների և կոմպոզիտորների հետ աշխատելիս:

ԱԻ. Ես աշխատել եմ աշխարհի բազում երաժիշտների հետ։ Մենք բոլորս շատ տարբեր ենք, բայց կա մի բան, որը միավորում է մեզ՝ կիրքը նրա հանդեպ, ինչ անում ենք։ Կոմպոզիտորի հետ հանդիպելն ինձ թույլ է տալիս փորձելու նոր տեսակետներ և մոտեցումներ, հատկապես երբ աշխատում եմ որպես դիրիժոր։ 

CA. Որոշե՞լ եք` ինչպես եք օգտագործելու «Creative Armenia - AGBU Fellowship»-ը Ձեր կարիերան զարգացնելու առումով:

ԱԻ. Ես «Creative Armenia - AGBU Fellowship»-երի մեջ տեսնում եմ կարիերայի առաջխաղացման և արվեստս աշխարհի հետ կիսելու եզակի հնարավորություն։ Ամեն անգամ, երբ որևէ մրցանակի եմ արժանանում, ինձ համար կարևոր է մրցանակի գումարը կիրառել ինչ-որ զգացմունքային հիշողություն թողնելու համար, մի բան, որն ինձ կստիպի հետադարձ հայացք նետել և հիշել ձեռքբերումս։ Երկար ժամանակ, ես ունեի Հայաստանի ազգային կամերային նվագախմբի և «Հովեր» երգչախմբի հետ միասին իմ առաջին ձայնագրությունը թողարկելու գաղափարը։ Այս ձայնագրությունը մեծ ձեռքբերում կլիներ, և վստահ եմ, որ «Creative Armenia - AGBU Fellowship»-ն ինձ կաջակցի դարձնելու այն իրականություն։ 

CA. Ո՞րն է Ձեր կարիերայի ապագայի տեսլականը:

ԱԻ. Այս պահին ես աշխատում եմ ազատ գրաֆիկով, որը նշանակում է, որ կապված չեմ միայն մեկ նվագախմբի։ Հույս ունեմ, որ դա առաջիկա երկու տարում կփոխվի։ Երբեմն ամբողջ աշխարհով մեկ հրավիրյալ դիրիժոր լինելն ավելի քիչ կարևոր է, քան մեկ նվագախումբ առաջնորդելը և մեծ գաղափարներն այդ հզոր երաժիշտների հետ իրականացնելը։

Իմ նպատակներից մեկը հանրությանը հնարավորին չափ նվագախմբային երաժշտությանը մոտեցնելն է, և ես բազում ծրագրեր ունեմ դրա համար։ Նորարարությունը, ստեղծարարությունը և հայեցակարգերը բանալիներն են դրան հասնելու համար։ Ոչ միայն էական է երաժշտության ընտրությունը, այլ նաև վայրը, ներկայացման եղանակները և տարբեր արվեստի ճյուղերի միաձուլումը։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ ես մտադիր եմ բազում նորարարություններ անել՝ նոր գաղափարներ և մոտեցումներ բերելով։