top of page

Վիլյամ Սարոյանի շինծու քաղվածքը

Նրա ամենահայտնի տողերը հմայիչ են ու փայլուն։ Բայց դրանք նա՛ չի գրել։

Հունիսի 13, 2017  |  հեղ.` Մարկ Ա. Մամիկոնյան

Screen Shot 2019-01-23 at 2.39.35 PM.png

Վիլյամ Սարոյանի ամենահայտնի այս տողերը ես տեսել եմ՝ քարակերտ կոթողների վրա փորագրված, «Խոստումը» ֆիլմում՝ մեծ էկրանին լուսագրված, շրջանակում առնված ու իմ գրասենյակից դուրս՝ պատից կախված։ Դրանք գիտի գրեթե ամեն հայ, շատերը՝ գուցե անգիր…

 

Կուզեի տեսնել աշխարհում որեւէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարեւոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, եւ աղոթքները՝ մնացած անպատասխան։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք ուղարկեք անապատները։ Թողեք առանց հացուջրի։ Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն խնդա, երգի եւ աղոթի։ Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որեւէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան։

 

Այս բառերն ամենուր մեծ արձագանք են գտնում հայերի եւ ոչ միայն հայերի սրտում։ Դրանք գրված են ԱՄՆ-ի Կոնգրեսի հատակին, Դեյվիդ Մամեթը մեջբերում է որպես իր «Փչացած որդին. հակասեմականությունը, ինքնատելությունն ու հրեաները» («The Wicked Son: Anti-Semitism, Self-Hatred, and the Jews») գրքի բնաբան։ Դրանք խոսում են խորքային կարոտի ու նվիրական հույսերի մասին, հայի ոգու եւ հայ ժողովրդի անմահության մասին։

 

Բայց կա մի նրբություն։ Վիլյամ Սարոյանն այս տողերը չի գրել[1]։

 

Իրական պարբերությունը, եթե կուզեք, Սարոյանի երկրորդ՝ «Շունչ եւ արտաշունչ» («Inhale & Exhale», 1936) ժողովածուի նախավերջին՝ «Հայը եւ հայը» պատմվածքի վերջին պարբերություններն են[2]։

 

Կուզեի տեսնել աշխարհում որեւէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարեւոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, եւ աղոթքները՝ լռած։

 

Դե կործանե՛ք։ Ասենք թե նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք ուղարկեք անապատները, թողեք առանց հացուջրի, հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց։

 

Առաջինը, որ աչքի է զարնում, «տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան» կուլմինացիոն արտահայտության բացակայությունն է։ Սրանք բառեր են, որոնք Սարոյանը երբեւէ ո՛չ գրել է, ո՛չ արտաբերել։ Հայտնի տարբերակը չի սրբագրում իրական պարբերությունը՝ լսողին հաճոյանալու համար, կամ կրճատում՝ տեղ խնայելու, այլ նշականալիորեն խմբագրում է Սարոյանին՝ ներմուծելով նոր արտահայտություններ ու գաղափարներ։ Եւ հիմա այս կեղծ-սարոյանական տարբերակը հաջողությամբ փոխարինել է իրականին։ Բայց ինչպե՞ս է սա տեղի ունեցել։

 

Խնդրին հետամուտ լինելով՝ կարելի է հասնել մինչեւ Սարոյանի նկարով ու խոսքերով պաստառները, որոնք ժամանակին մեծ հաջողություն են ունեցել։ Դրանցից է, մասնավորապես, 1982 թվականի մի պաստառ, որը թողարկել է «WizMen Productions» ընկերությունը, իսկ հեղինակել են Զավեն Խանջյանն ու նկարիչ Մհեր Դավիդյանը։ Ճիշտ է՝ «Շունչ եւ արտաշունչ» ժողովածուն 1930-ականներից ի վեր չի վերատպվել, բայց Սարոյանը՝ ինքը, ձայնագրել է իր «Հայը եւ հայը» պատմվածքը 1973 թ. ձայնասկավառակային ժողովածուի համար, որը վերնագրված էր «Վիլյամ Սարոյանը կարդում է իր գործերն ու խոսում» («Here’s William Saroyan Reading His Own Stuff and Talking»), ուստի այնպես չէ, որ բնագիր բառերն անհասանելի են։ Եթե անհասանելի լինեին, առհասարակ կմոռացվեին ու վերջ։

Screen Shot 2019-01-23 at 2.43.31 PM.png

Խանջյանը, ի պատիվ իրեն, մանրամասն նկարագրել է պաստառի պատմությունը՝ հայկական պարբերականներում տպված հոդվածներում փորձելով հստակեցնել հարցը[3]։ Բայց չնայած նրա բոլոր ջանքերին՝ այն դեռեւս մնում է բավականին կնճռոտ։

Ըստ Խանջյանի՝ տվյալ «մեջբերումը» նա առաջին անգամ տեսել է դեռ 1982 թվականին ձախի պաստառում, որի հեղինակը ոմն Փիթեր Նաղաշյանն է (Peter Nakashian)։ Նույն բառերով, համարելով դրանք հավաստի, Խանջյանը ստեղծել է նոր պաստառ (աջից)՝ Մհեր Դավիդյանի ձեւավորմամբ, որը հաջորդած տարիներին մեծ տարածում է գտել, իսկ NAASR-ի (National Association for Armenian Studies and Research) խանութից բազում պատճեններ են վաճառվել[4]։ Թեեւ դա վաղուց այլեւս հասանելի չէ, մարդիկ շարունակում են հարցնել։

Screen Shot 2019-01-23 at 2.45.26 PM.png

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981-ին եւ հնարավորություն չի ունեցել ուղղելու Նաղաշյանին ու Խանջյանին։ Սակայն «Վիլյամ Սարոյան» ընկերակցությունից նրանց հետ կապվել են միայն ոչ թե Սարոյանի բառերի չլիազորված այլափոխման համար, այլ իրավունքների պատճառով՝ առաջարկելով կա՛մ դադարեցնել ու հրաժարվել շահույթից, կա՛մ կիսել։ Խանջյանը դադարեցրեց։

 

Ի վերջո, Սարոյան ընկերակցությունը սեփական պաստառը թողարկեց՝ կեղծ հղում տալով նույն աղբյուրին՝ «Շունչ եւ արտաշունչ» ժողովածուին, կցելով դրան Արա Ավագյանի հայերեն թարգմանությունը, թեպետ «Հայը եւ հայը» դեռ 1940 թ. արդեն իսկ հրատարակվել էր Լիբանանում՝ Սամվել Թումայանի հայերեն թարգմանությամբ։ Ամենաանհավատալին այն է, որ մեծ գրողի գործերը տարածելու եւ հասարակությունը կրթելու իր առաքելությամբ հանդերձ, Սարոյան ընկերակցությունը եւս գործածել է վերափոխված քաղվածքը, որի հեղինակը ոչ թե հանգուցյալ Սարոյանն էր, այլ նրա անհայտ եւ ինքնակոչ գրչակիցը, իսկ հայերեն թարգմանությունը, ընդհուպ մինչեւ «նոր Հայաստան» բառակապակցությունը, բառ առ բառ կրկնում է մտացածին տեքստը։

 

Որեւէ պաստառի վրա ես մինչ օրս չեմ տեսել բնագիր տեքստը՝ «Շունչ եւ արտաշունչ» ժողովածուի հղումով։ Դուք եւս շատ երկար կփնտրեք, մինչեւ որեւէ տեղ գտնեք դա՝ ճիշտ մեջբերված։ Շինծուն տեսել եմ բազմաթիվ պաստառների վրա՝ չասած որմնասալերը, շապիկները եւ վաճառքում եղած ամենատարբեր իրերը։ Զավեն Խանջյանը, գնահատական տալով պաստառների թողած «ժառանգությանը», լավատեսորեն պնդում է, թե որեւէ վնաս չի հասցվել եւ սարոյանական հոգին մնացել է անխաթար. «Թեեւ Սարոյանի բնագիրն այլափոխելն իսկապես սխալ էր, սա արվել է մեկ եւ միայն այն ավելի հզորացնելու նկատառումով»։ Ըստ իս, սակայն, վերափոխված կտորը ոչ թե ավելի հզոր է, այլ ընդամենը ախորժալի՝ բառիս շատ նեղ իմասով։ Եւ հաստատ՝ պակաս հետաքրքիր։ Իսկ համահունչ է սարոյանական գրվածքի հոգուն թե ոչ, վիճելի հարց է։

 

Ես չեմ կարող պաշտպանել նմանատիպ բաուդլերիզացիան, անգամ եթե դա արվել է լավագույն մտադրություններով։ Մի բան է՝ լռելյայն ջնջել «շան տղերք» արտահայտությունը՝ մեջբերումն ընտանեկան միջավայրին պատշաճեցնելու համար։ Սակայն մեծ համարձակություն էր պետք ունենալ Սարոյանի հրատարակված տեքստը վերցնելու, իբրեւ սեւագիր դիտելու եւ «բարելավելու» համար։ «Տեսեք՝ նորից չե՞ն աղոթի». սա Սարոյանի անհայտ համահեղինակի կողմից ներմուծված միանգամայն նոր գաղափար է եւ շատ հեռու է գարեջրատանը իրար հանդիպած երկու հայերի անեծքախառն զրույցից։ Իսկ ինչ վերաբերում է աղոթքներին, բնագրում «աղոթքները՝ լռած» են, իսկ խմբագրված տարբերակում՝ «մնացած անպատասխան», կարծես հայերի՝ եղեռնից հետո աղոթելը դադարելու ողբերգականորեն կարեւոր միտքը չափից դուրս ցնցող էր ու պիտի փոխվեր։

 

Այսպիսով, ի՞նչ տարբերություն մի կողմից՝ «Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որեւէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան» արտահայտության սենտիմետնալ ազգայնականության եւ մյուս կողմից՝ «Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց» արտահայտության միջեւ։ Չարլզ Կարապետը «նոր Հայաստան»-ով նախադասությունն անվանում է «առհասարակ անտեղի», ինչին ես համաձայն եմ։ Բայց շատերը, որոնք այսօր ծանոթ են Սարոյանի՝ ամերիկահայ գրողներից ամենանշանավորի անվանը, նրա գործերից գիտեն միայն այդ շինծու պարբերությունն ու ոչինչ ավելին։ Եւ սա մի մարդու ճակատագիրն է, որը մերժել էր Պուլիցերյան մրցանակը՝ համարելով, որ կոմերցիան չպիտի դատի արվեստը։ Նշում երգիծաբանների համար…

 

Բայց ամենավատը դեռ առջեւում է։ Նշանավոր այս պատմվածքի սկզբնամասում Սարոյանը գրում է. «Կան միայն հայեր, որ ապրում են աշխարհի երեսին, այլ ոչ թե Հայաստանում, քանի որ չկա Հայաստան, պարոնայք, եւ չկա Ամերիկա, չկա Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, կա միայն աշխարհը, պարոնայք»։ Վստահ չեմ, թե այդօրինակ արտահայտությունը լավ կվաճառվեր իբրեւ պաստառ ու տեղ կգտներ հայի տանը։ Սարոյանն իսկապես հպարտ հայ էր, բայց նա նաեւ հպարտ հակառակն էր։

 

«Հայը եւ հայը» պատմվածքը շատ կարճ է՝ երկու էջից էլ պակաս, եւ նրբանկատորեն զետեղված է 71 պատմվածքից բաղկացած «Շունչ եւ արտաշունչ» ժողովածուի ամենավերջում։ Այս երկու էջում շատ բան կա ամփոփված։ Սարոյանի լավագույն գործերի մեծագույն մասի նման՝ սա լեցուն է հումորով, կենսուրախությամբ, հակասություններով։ Իր մյուս գրվածքների պես՝ այստեղ եւս նա փորձում է ասել, թե հայ լինելն ուրիշ է, որը ե՛ւ ավելի լավ չէ ուրիշ որեւէ բան լինելուց, ե՛ւ աշխարհի ամենալավ բանն է։ Նա ասում է՝ Հայաստան չկա, եթե անգամ երբեւէ նման մի վայր եղել է, դա հիմա կործանված է, մինչդեռ հայերին կործանել չեք կարող։ Միեւնույն բանն է նա ասում իր առաջին՝ «Հանդուգն երիտասարդը՝ թռչող մարզաձողի վրա» («The Daring Young Man on the Flying Trapeze») գրքի «Յոթանասուն հազար ասորի» հրաշալի պատմվածքում՝ նկարագրելով ասորի վարսավիր Թեոդոր Բադալին՝ որպես «ինքնին յոթանասուն հազար ասորի ու յոթանասուն միլիոն ասորի, ինքնին Ասորեստանն ու մարդ, որը Սան Ֆրանցիսկոյի վարսավիրանոցում 1933 թվականին կանգնած՝ ինքն իսկ իր ամբողջ ցեղն էր»։

 

«Հայը եւ հայը» պատմվածքի վերջից երրորդ պարբերությունը, որն անմիջապես նախորդում է մեր տխրահռչակ քաղվածքին, եւս արժանի է մեջբերման, քանի որ ունի գրեթե ուիթմանական ընդգրկում.

 

Բա հայկական շարժումները, որ ինչ ասես չեն նշանակում։ Ծնկին հարվածն ու բարձրագոչ քրքիջը։ Հայհոյելու ձեւը։ Աշխարհի ու դրա մեծ-մեծ գաղափարների նուրբ ծաղրը։ Հայերեն մի բառ, հայացք, շարժում, ժպիտ, ու դրանց բոլորի միջից՝ վայրկենապես վերածնվում է ցեղը, որ հավերժ է ու կրկին զորավոր, թեպետեւ տարիներ են անցել, քաղաքներ կործանվել, հայրեր ու եղբայրներ ու որդիներ սպանվել, տեղեր մոռացվել, երազանքներ խաթարվել եւ ապրող սրտերը՝ սեւացել ատելությամբ։

 

Գուցե թվա, թե սա «երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որեւէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան» մտքի ավելի նուրբ ձեւակերպումն է, բայց չէ՛, այդքան էլ չէ։ Սարոյանն ասես կյանքի է կոչել Ուիթմանի «Խոտի տերեւները» պատմվածքի «Հակասո՞ւմ եմ ինքս ինձ։ Շատ լավ, ուրեմն հակասում եմ։ Ես խոշոր մարդ եմ, ինչ ասես չունեմ իմ մեջ» պարբերությունն ու հաջող կարիերա սարքել դրանից։ Սարոյանը, որը «Հայաստանի Անդրանիկը» պատմվածքում (որը եւս ընդգրկված է «Շունչ եւ արտաշունչ» ժողովածուում) գրում է «Հայաստան։ Այդպիսի պետություն չկա եւ ավելի լավ… Ի՞նչ տարբերություն՝ պետությունն ինչ է կամ ինչ քաղաքական գաղափարախոսություն է իշխում դրանում», նույն Սարոյանն է, որը մեծ հրճվանք է ապրում՝ լսելով, որ տնից հազարավոր մղոններ հեռու՝ Ռոստովի մի գարեջրատանն իրեն պատահած հայրենակիցը Մուշից է։ «Մուշ։ Սիրում եմ այդ քաղաքը», - գրում է նա։ «Ես կարող եմ սիրել մի վայր, որը երբեք չեմ տեսել, որն այլեւս գոյություն չունի, որի բնակիչները սպանվել են։ Սա այն քաղաքն է, ուր հայրս գնացել է ջահել ժամանակ»։ Երբեմն Սարոյանը բարձրացնում է հայ ազգին, իսկ երբեմն՝ նմանվում «Ուլիսեսի» Սթիվեն Դեդալուսին, որը ծաղրում էր այն միտքը, թե ինքը կարեւոր է, որովհետեւ պատկանում է իռլանդացի ժողովրդին, եւ ասում, թե հակառակը՝ «ըստ իս՝ պիտի որ Իռլանդիան կարեւոր լինի, քանի որ ինքն է պատկանում ինձ»։

 

Այնպես որ, մենք կարող ենք փորձել հարմարվել այն Սարոյանին, որը հնչում է որպես ազգայնականից ու ազգային պետությունից անդին աշխարհաքաղաքացի, կամ կարող ենք սիրել Սարոյան հայրենասերին, որը փառաբանում է հայ ազգն ու տենչում դրա վերազարթոնքը։ Երկու դեպքում էլ մենք ե՛ւ ծանրագույնս սխալված կլինենք, ե՛ւ մասամբ ճիշտ։ Զրկիր Սարոյանին նրա հակասություններից, ու նա կդադարի Սարոյան լինելուց, կդառնա ժամանակի վատնում։ Ըստ իս՝ կամ ընդունում ես Սարոյանին իր բոլոր հակասություններով հանդերձ՝ իր մեծությամբ ու միջակությամբ, մարդկանց նկատմամբ սիրով ու մարդատյացությամբ, ազգայնությամբ ու աշխարհքաղաքացիությամբ, «արվեստը՝ հանուն արվեստի» շիտակությամբ ու կոմերցիոն հաջողության հետապնդմամբ, ինքնակործան անհատապաշտությամբ, քրիստոնեական անարխիայով (Ջեմս Էյջիի ձեւակերպմամբ), կամ չես ընդունում ընդհանրապես։ Ցավոք, մարդիկ հիմնականում կարծես թե չեն ընդունում։

 

«Փաստերը համառ են»,– ասել է Ջոն Ադամսը մի առիթով (ըստ իս՝ ասել է)։ Բայց միֆերը թերեւս փաստերից էլ համառ են։ Սարոյանի շինծու մեջբերումը միֆ է երկու իմաստով էլ՝  ե՛ւ որպես «տարածված համոզմունք կամ ավանդույթ, որը ձեւավորվել է որեւէ անձի կամ բանի շուրջ», ե՛ւ իբրեւ «անհիմն կամ սխալ պատկերացում»։ Ակնհայտ է, որ դա արտահայտում է մի բան, որին հայերն ուզում են կամ կարիք ունեն հավատալու եւ գուցե այնպիսի ձեւով, որը բնագիրը չէր հաղորդում։ Երբեմն, ցավոք, վերջին խոսքը մնում է աշխարհի մեծ-մեծ գաղափարներին։ Ու երբ դա պատահում է, մենք նվազագույնը՝ կարող ենք մի պահ խորհել, թե ինչ է կորսվել[5]։

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] Հստակեցնեմ, որ ես առաջինը չեմ, որը նկատել կամ գրել է սրա մասին (եւ, եթե պարզ խոսենք, նաեւ վերջինը չեմ լինելու)։ Օրինակ, «Armenian Weekly» պարբերականի 2009 թ. օգոստոսի 8-ի համարում Չարլզ Կարապետը (C. K. Garabed) հրապարակել է «Mincing Words» («») խորագրով մի հոդված, որը ներկայացնում էր «քաղվածքի»՝ իրեն հայտնի բոլոր տարբերակները, առանց, իր ասելով, «վերջնականության հավակնելու»։

[2] Այն նաեւ ներառված է հետեւյալ ժողովածուներում. «31 ընտիր պատմվածք Շունչ եւ Արտաշունչ ժողովածուից» («31 Selected Stories from Inhale & Exhale», 1943), «Սարոյանական ընտրանի» («The Saroyan Special», 1948, վերահրատարակված 1970 թ.), եւ ամենավերջինը՝ «Նա օդում թռչում էր մեծ թեթեւությամբ. սարոյանական ընթերցվածք» («He Flies Through the Air with the Greatest of Ease: A William Saroyan Reader», 2008).  

[3] Տե՛ս “How I Came to Know Saroyan: The Story of a Poster,” Armenian Reporter, 1 նոյեմբերի, 2008 թ., եւ «Սարոյանը եւ ես», Ասպարեզ, 13 օգոստոսի, 2008 թ.։

[4] Ես եւս աշխատում եմ NAASR-ում եւ դրա կրթական բաժնի տնօրենն եմ։

[5] Շնորհակալությունս եմ հայտնում Տիգրան Քույումջյանին Սարոյանի պաստառների ու գործերի մասին իր գաղափարներով, հիշողություններով եւ արժեքավոր դիտողություններով ինձ հետ կիսվելու համար, ինչպես նաեւ Վարդան Մատթեւոսյանին՝ օգնության, եւ Զավեն Խանջյանին՝ հարցումներիս պատասխանելու համար։

ՀԵՂԻՆԱԿ

Մարկ Ա. Մամիկոնյանն աշխատել է որպես NAASR-ի ուսումնական գործերի տնօրեն՝ սկսած 2009թ.-ից։ Մամիկոնյանը «Նոր Անգլիայի հայերը» (The Armenians of New England) գրքի եւ «Հայագիտության ամսագրի» (Journal of Armenian Studies) խմբագիրն է, ինչպես նաեւ Ջեյմս Ջոյսի` «Պատանի արվեստագետի դիմանկարը» (A Portrait of the Artist as a Young Man) եւ «Ուլիսես» (Ulysses) ստեղծագործությունների` ծանոթագրություններով հրատարակության համահեղինակը։

bottom of page