top of page

Երևանի կառուցվածքը

Վաղ շրջանից մինչ ներկա օրերը

Սեպտեմբերի 25, 2019  |  հեղ.`  Ստեֆանո Կորացին, Անուշ Տեր-Խաչատրյան

Քաղաքներն իրենց մակերևույթի կառուցվածքը փոխում են ճիշտ այնպես, ինչպես օձերն իրենց կաշին՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ քաղաքային կյանքը բնական համակարգից է սերում։ Երևանի մակերևույթի կառուցվածը բազմաշերտ է և պարունակում է քաղաքի ապրած բոլոր ժամանակաշրջանների նշույլները, որոնց զուգադրմամբ ստանում է իր քաոսային, բայց եզակի իսկությունը։ Իրար կից կտեսնեք վաղ սովետական շրջանի շենքի ճակատ և վերջին շրջանում կիրառվող տրավերտինից կամ ծեփանից մակերես, կամ ականատես կլինեք մի շարք շենքերին հաջորդող կանաչապատ հանրային տարածքի։ Սրանք բոլորը խմբավորվում են՝ ձևավորելու Երևանի կերպարը։  

Բնական մակերևույթ 

Քարը գերիշխում է քաղաքում, սակայն կանաչ գոտիները հաջողում են դուրս պրծնել դրանց ճեղքերից և տիրել իրենց տարածքին։ Հին թթենիները, բարդիներն ու կաղնիներն իրենց ստվերները տարածում են մշտապես փոփոխվող քաղաքային մակերևույթի վրա ու շարունակում գոյատևել՝ որպես անժամանակյա Երևանի ականատեսներ։ Մինչդեռ լճերի ջուրը շարժվում է կարծր քաղաքի միջև՝ ցուցադրելով իր բազմերանգությունն ու պարող ալիքները։ 

Պատերի մակերևույթ

Վարդագույն, տաք տուֆը, Երևանն իր վաղ շրջանից բնութագրող այս տարրը, աստիճանաբար փոխարինվել է ավելի էժան ու հարմար մակերևույթներով՝ ինչպիսիք են բազալտն ու տրավերտինը, կամ արդի ապակյա մակերևույթով։ Այնուամենայնիվ, տուֆը շարունակում է ծիկրակել իրեն հաջորդողների հետևից՝ հիշեցնելով հին Երևանի մասին։ 

Հատակի մակերևույթ

Ինչպես պատերը, հատակը նույնպես պահանջում է հատուկ ուշադրություն, այլապես բաց կթողնեք ոտքի տակ տեղի ունեցող փոփոխությունները՝ գինու փողոցի, Սարյանի, բազմագույն մայթերը, երթուղային գծանցների խամրած դեղին ներկը, որը պարբերաբար ստանում է նոր դեղնավուն շերտեր և մոխրագույն սալիկապատ հատակը, որով քայլելիս ցանկություն է առաջանում մնալ ամեն սալիկի ներսում, մինչդեռ քաղաքը ընթանում է ոտքի տակ։  

ՀԵՂԻՆԱԿ

Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ

Ստեֆանո Կորացցինը իտալացի լուսանկարիչ է, որ ներկայումս բնակվում է Երևանում:

bottom of page