top of page

«Դոկտոր Սթրեյնջլավ»-ի պատերազմի սենյակը

Ի՞նչ է կատարյալ տեսարանը։ Մրցանակակիր ռեժիսոր Ատոմ Էգոյանի համար դա Սթենլի Քուբրիքի «Դոկտոր Սթրեյնջլավ» ֆիլմի պատերազմի սենյակն է։ Մենք խնդրեցինք ռեժիսորին նկարագրել այն եւ պատմել, թե ինչու։   

Մայիսի 2, 2017  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-23 at 4.28.00 PM.png

ԱԷ. «Դոկտոր Սթրեյնջլավ» ֆիլմը ստեղծվել է Սառը պատերազմի գագաթնակետին, երբ Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ խոշորամասշտաբ պատերազմը կանխող հիմնական գաղափարը MAD-ն էր։ «Փոխադարձ երաշխավորված ոչնչացում» (mutual assured destruction) նշանակող հապավումը հրապարակ էր նետվել՝ մատնանշելու, որ երկու գերտերությունների զսպվածության թերեւս միակ պատճառն այն էր, որ երկուսն էլ հասկանում էին` որ դրանով կջնջեն միմյանց աշխարհի երեսից։ Այլ կերպ ասած՝ պարզ, ազդեցիկ ու փոքրիկ մի խոչընդոտ, որն այդուհանդերձ նշանակում էր, որ հոգեբանական պատերազմը վարելու միակ ուղին զանգվածային ոչնչացման ավելի ու ավելի արդյունավետ գործիքներ ստեղծելն է։ Ոչնչացման տանող այս մրցավազքի մթին անհեթեթությունը մեծ վարպետությամբ ժապավենին է հանձնվել բեմադրող նկարիչ Քեն Ադամսի ֆանտաստիկ դեկորացիայի միջոցով։ «Պատերազմի սենյակի» (այդպես են կոչում Պենտագոնի Ռազմական հրամանատարության գլխավոր շտաբը – Ծ.Թ.) եզրափակիչ տեսարանում ամեն ինչ հասնում է կիզակետին, երբ Փիթեր Սելլերսի (որն այս փայլուն ֆիլմում խաղում է միանգամից երեք սարսափելի տարբեր դերեր) կաթվածահար թեւը ջղաձգորեն փորձում է նացիստական ողջույն հղել իր վաղուց մեռած ֆյուրերին։

 

CA: Ո՞րն էր ստեղծագործական այն կարեւոր ընտրությունը, որն այս տեսարանի տրամադրությունը կերտելիս Քեն Ադամսը կատարել էր (կամ խուսափել կատարելուց)։ Եւ առհասարակ ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ տրամադրությունը։ «Պատերազմի սենյակի» տեսարանը կրկին նայելիս վստահ չենք՝ ծիծաղե՞լ, թե՞ սարսափել։

 

ԱԷ. Ամենաապշեցուցիչն այն է, որ տեսարանում իրական աշխարհից վերցված ու գոյություն ունեցող մի վայրի համար Քեն Ադամսը որոշել է օգտագործել էքսպրեսիոնիստական եւ անչափ ոճավոր մոտեցում։ Համեմատեք ռազմաբազայի գրավման տեսարանի ոճը (հատիկավոր ժապավեն, ձեռքի նկարահանում) պատերազմի սենյակում կատարվողի հետ։ Իհարկե, այս ամենը գալիս է Սթենլի Քուբրիքին ներհատուկ ճաշակից, բայցեւայնպես ես կպնդեի, որ պատերազմի սենյակի դիզայնը կինոյի պատմության ամենահաջողված դեկորացիաներից է։ Խելացնորության, հուսահատության ու վախի զգուշավոր ու նրբին համաձուլումն իրագործված է փայլուն կերպով։ Մենք ե՛ւ սարսափած ենք, ե՛ւ ամբողջովին կլանված նրանով, թե ինչ ահավոր բան է դրված խաղասեղանին։ Ոճիրի ու ոճավորման հակակշիռը եզակի է։ Եւ, ասես ի լրումն, մեզ հրամցնում են երբեւէ ասված լավագույն տողերից մեկը՝ «Այստեղ չես կարող կռվել։ Սա պատերազմի սենյակն է»։

Screen Shot 2019-01-23 at 4.28.07 PM.png

CA: Երբ ասում ենք «պատերազմի սենյակի» տեսարան, ապա, ինչպես պարզվում է, նկատի ունենք ֆիլմի տարբեր հատվածներից քաղված տարբեր տեսարաններ։ Սակայն դրանք բոլորը տեղի են ունենում միեւնույն սենյակում։ Հետաքրքիր է, որ մեր հիշողության մեջ սա տպավորվել է իբրեւ մեկ միավոր։

ԱԷ. Իսկապես զարմանալի է, թե ֆիլմը դիտելուց բավականին ժամանակ անց ինչպես է դա վերադասավորվում մեր հիշողության մեջ։ Անխուսափելի է։ Ֆիլմի դրվագները մշտապես վերաբաշխվում ու վերակարգավորվում են մոնտաժման ժամանակ, եւ կա կարծիք, որ երբ ֆիլմը հսկայական տպավորություն է գործում (ինչպես «Դոկտոր Սթրեյնջլավ»-ն է իսկապես տպավորել ինձ), մենք ժամանակի ամեն մի պահի խտացնում ու ընդլայնում ենք դրա տարբեր մասերը՝ համաձայն սեփական մտավոր ու զգայական պահանջների։ Մենք զուգադրում ենք, պտտում ու աղավաղում ֆիլմն այնպես, որ այն դառնա մերը. եւ սա այն է, ինչ մեծ կինոն է թույլ տալիս անել։

Screen Shot 2019-01-23 at 4.28.14 PM.png

CA: Եկեք խոսենք դերասանական խաղի մասին։ Այն լարված է, երբեմն տարաշխարհիկ։ Դուք նշեցիք, որ Փիթեր Սելլերսը դոկտոր Սթրեյնջլավի դերում 60 վայրկյան շարունակ տարվում է ինքն իրեն բռնելու հանպատրաստից կատակով։ Մի քիչ պատմեք դերասանին ազատություն ընձեռելու կամ ղեկավարելու արվեստի մասին։

ԱԷ. Հրաշալի հարց է։ Ձեր ասած «ինքն իրեն բռնելու» տեսարանում Փիթեր Սելլերսի խաղի ամենասիրածս առանձնահատկությունն այն է, որ տեսախցիկն ասես առաջին անգամ տեսնի այդ ամբողջը։ Ուշադիր նայեք ու կտեսնեք, որ ռուս դեսպանի դերասանը մի պահ չի կարողանում իրեն զսպել։ Սելլերսի բացառիկ խաղից նա քիչ է մնում ծիծաղի։ Կան պահեր, երբ ռեժիսորը գիտի, որ դերասանն իրոք իր խաղի բարձրակետում է։ Ի վերջո, նրանք բառացիորեն ծնվել են դեր խաղալու համար, ու լավագույնը, ինչ կարող ես անել՝ նրանց կապերը բաց թողնելն է։ 

Screen Shot 2019-01-23 at 4.28.21 PM.png

CA: Իսկ ինչո՞ւ է այս տեսարանն աշխատում այն տեսանկյունից, ինչ Քուբրիքը չի անում կամ չի փորձում անել։ Օրինակ՝ նկատենք, որ երաժշտություն չկա։ Ուրի՞շ ինչ չկա։

 

ԱԷ. Երբ բանը հասնում է ձայներն ու ընտրությունները միախառնելուն, Քուբրիքը մեծ վարպետ է, եւ պակաս փայլուն ու հանդուգն ռեժիսորի մոտ նման գուգադրությունները պարզապես չէին աշխատի։ Նա մոլի վերահսկողի համբավ ունի, բայց իր ոսպնյակներն ու ստեղծագործական զինանոցը գիտեր ցանկացածից լավ։ Յուրաքանչյուր ժեստ կամ շարժում կյանքի է կոչվում հնարավորինս լավագույն ձեւով, ու մենք ամբողջովին վստահում ենք նրա որոշումներին։ Ես երբեք չեմ հասկանա այն կինոդիտողներին, որոնք նրա գործերն անվանում են սառն ու հաշվարկված։ Նյութի տիրապետման վարպետությամբ նա զիջում է միայն Հիչքոքին։

 

CA: Հիչքոքն ավելի շուտ կանացի գլխավոր դերը կտար կարմրահերի, քան թույլ կտար 60 վայրկյանանոց իմպրովիզացիա։ Ի դեպ, նկատել ենք, որ պատերազմի սենյակում ու ֆիլմում առհասարակ կանանց պակաս կա։ Ի՞նչ եք կարծում՝սեքսուալ քիմիայի բացակայությունը նպատակ ունի՞։ Մեզ հատուկ հորդորում են զգացմունքները պահել ռումբի համա՞ր։

 

ԱԷ. Պատերազմի սենյակը նախագծված է իբրեւ հսկայական արգանդ, այնպես որ ես համարում եմ, որ բոլոր այդ զավեշտալի մարդկանց՝ նմանօրինակ կանացի խորհրդանիշի մեջ զետեղելը բավականին ազդեցիկ է։ Նայեք թեկուզ ֆիլմի բացման ընթացքում զուգավորման ծեսին (ինքնաթիռների ծայրակցումը նման է երկու մորղերի զուգավորմանը) եւ կտեսնեք, որ ֆիլմն իրականում սկսվում է հենց սեքսուալ պատկերներով։

 

CA: Զուտ իբրեւ մտավարժանք՝ ի՞նչ եք կարծում՝ պակաս նրբավար ռեժիսորն ինչպե՞ս կփչացներ այս կատարյալ տեսարանը։

 

ԱԷ. Եթե հարցնում եք՝ ինչպես ես ինքս կփչացնեի այս տեսարանը, դաժան բան եք անում։

Հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանը մի շարք ֆիլմերի հեղինակ է, այդ թվում՝ «Էկզոտիկա» (Exotica), «Լուսավոր գալիքը» (The Sweet Hereafter), «Օրացույց» (Calendar), և «Արարատ» (Ararat): Նրա վերջին աշխատանքներից է «Հիշիր» (Remember) ֆիլմը (2016)` Քրիսթոֆեր Փլամերի գլխավոր դերակատարմամբ:

bottom of page