Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Քարտեզագրելով գրականությունը 

Եվ անցնելով մի քանի հեղինակների կողմից վերստեղծված վայրերով   

Հուլիսի 31, 2019  |  հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան

Դուբլինից մինչև Կալիֆորնիա և Գորիս. վայրերի մասին մեր պատկերացումները հաճախ ձևավորվում են գրականության միջոցով։ Հետևե՛ք գրական հանճարների կողմից վերստեղծված վայրեր տանող մեր ուղուն։

Հեմինգուեյի Փարիզը

«Amateurs» սրճարանից դեպի Օդեոն 12 փողոցը, այնտեղից էլ դեպի Ֆլյորյուս 27 փողոցը ձգվող Փարիզը պատկանում է Էռնեստ Հեմինգուեյին՝ իր բովված շագանակներով, էժանագին գինով և կարճ պատմվածքներից ստացված գումարի անհարմար սպասողականությամբ։ 

Աշխատելով այն հյուրանոցի վերին հարկում, որտեղ Փոլ Վերլենն ապրել ու մահացել էր, կամ Ամերիկացի գրող և իր մենթոր Գերթրուդ Սթայնի ստուդիա-բնակարանում՝ Հեմինգուեյը գրում էր իր «մեկ ճշմարիտ նախադասությունը»՝ սկիզբ առած Դեկարտ փողոցում առավոտյան զբոսանքների ժամանակ լսած խոսակցություններից։ 

Ահա՛ Հեմինգուեյի վաղ օրերի Փարիզը, որտեղ սովը սովորական բան էր, սակայն «չկար որևէ այլ խնդրիր, քան ամենից երջանիկ լինելու վայրն ընտրելը»։ 

Դիդիոնի Կալիֆորնիան  

Կալիֆորնիայից Նյու Յորք և կրկին Կալիֆորնիա. Ջոան Դիդիոնը միշտ հետևում էր «իսկական սուֆլեին»՝ վարպետ խոհարարի պես ճշգրտորեն մասնատելով վայրի ինքնությունը։ Նրա Կալիֆորնիան «վայր է, որտեղ ճչուն մտածելակերպն ու չեխովյան կորստի զգացումը անհարմար կախման մեջ են», մի տարածք, որը սկիզբ է առնում իր հայրենի Սակրամենտոյից, որտեղ մարդիկ վեհորեն են խոսում անցյալի մասին։ Ի տարբերություն ոսկե քացաք Սան Բերնարդինոյի, որտեղ «ապագան միշտ հրապուրիչ է, քանի որ ոչ ոք չի հիշում անցյալը»։  


Դիդիոնի Կալիֆորնիան լի է հակասություններով՝ չոր ու տաք Սանտա Անա քամիների ճչուն լռությամբ, որոնք փչում են նույն այն Լոս Անջելեսում, որտեղ հորդառատ անձրևը կարող է փշրել բնակեցված ժայռերը ջրի շիթերում։ Այն մասնավոր, ներքաղաքային կայսրությունների, երգված և մոռացված հերոսների, առաջին կանանց և վերջին ամուսինների Կալիֆորնիան է։ Դիդիոնի Կալիֆորնիան փաստի և գեղարվեստականի միջակայքում է՝ երկուսն իրարից չտարանջատելու գրական համառությամբ։   

Ջոյսի Դուբլինը

«Եթե Դուբլինը հանկարծ մի օր անհետանա Երկրի վրայից, այն հնարավոր կլինի վերակառուցել իմ գրքի հիման վրա», — պնդել է Ջեյմս Ջոյսը։ Արևմուտքից արևելք 4.25 կմ և հյուսիսից հարավ 3.5 կմ ձգվող Դուբլինը կաթվածահար քաղաք էր, որը Ջոյսը փորձում էր կենդանացնել։

 
«Ուլիսես» վեպը սկսելով Էքլես փողոցում ոչխարի երիկամներով նախաճաշի տեսարանից և նույն վայրում էլ ավարտելով՝ Ջոյսը պատկերում է փակուղում գտնվող, թերսնված և վատ տներում ապրող բնակչությամբ Դուբլինը։

Նրա դուբլինցիները շրջում են փողոցներով և անցնում ՕՔոնելի կամրջով։ Փախչելով իրենց առավոտյան հարբածությունից՝ հանգրվանում են Փուլբեգ փողոցի Մալիգանի փաբում, որտեղ կոնծում են խմիչքի երեկոյան չափաբաժինը։ Դատարկ գրպաններով և թմրած մտքով դուբլինցիները «ապրում էին իրենց մարմիններից որոշակի հեռավորության վրա», ի վերջո, մեկ առ մեկ վերածվում են ստվերների և ներծծվում գորշ քաղաքի քաղաքային լանդշաֆտի մեջ։

    

Դանթեի դժոխքը

Կորած և մեղսագործ հոգիների համար նախատեսված շրջանաձև, ինը հարկանի բնակարան. Ահա՛ այսպես է ուշ միջնադարի պոետ Դանթե Ալիգիերին պատկերում դժողքը։ Դանթեի կոկիկորեն դասավորված և բաժանված դժողքը պոետիկական կառույց է, որի բոլոր բնակիչները, որոնց շարքերում են Ալեքսանդր Մակեդոնացին, Դիոնիսուսը, Կլեոպատրան և Հեղինե Չքնաղը, բանտարկվում են ուժգին մրրիկների, այրվող գերեզմանների և եռացող արյան ու կրակի մեջ։ 

 

«Կյանքիս ուղևորության կեսին հայտնվեցի մութ անտառներում, որտեղ շիտակ ուղին կորսվել էր»։ Սովորաբար, մի կորսված ուղին տանում է դեպի մեկ ուրիշը։ Զարմանալի չէ, որ 13-րդ դարում այն կարող էր ուղղորդել դեպի դժողք։ Բանաստեղծ Վերգիլիոսի ուղեկցությամբ Դանթեի ուղևորությունը դժողքի ինը շրջաններով մեզ է փոխանցում կազմակերպված, ոչ քաոսային, սակայն միևնույն ժամանակ ավելի դաժան դժողքի պատկերացում։  

Ֆոլքների հարավը 

«Պատմի՛ր հարավի մասին։ Ինչպիսի՞ն է այն։ Ի՞նչ են անում այնտեղ։ Ինչու՞ են ապրում այնտեղ։ Ինչու՞ են առհասարակ ապրում», — Ուիլյամ Ֆոլքների «Աբիսողո՛մ, Աբիսողո՛մ» վեպում կանադացի Շրիվ ՄքՔենոնը դիմում է Հարվարդի համալսարանի իր դասընկերոջը՝ Միսսիսիպիից եկած Քուենտին Քոնփսոնին։ Մեկուսացած իր  «առնական միայնության» մեջ, առանձնանալով իր բարբառով և ռասիզմի, սեքսիզմի և աղքատության բեռով՝ Ֆոլքների խարխուլ հարավը նրա գրչի շնորհիվ դառնում է դիմացկուն և հաղթահարող։

Ֆոլքների կերպարներին հետապնդում են հարավի նախկին հանցանքները, իսկ նրանք քաջատեղյակ են, որ «անցյալը մեռած չէ։ Այն նույնիսկ անցյալ չէ», մի բան, որը հնարավորություն է տալիս ընդունել դա իրենց կյանքի հյուսվածքում։ 

Բակունցի Գորիսը 

«Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում»։ Ահա այսպես է սկսվում հայ գրող և սցենարների հեղինակ Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքը, նրա ձոնն իր հայրենի Գորիսին։ Այն հակիրճ ակնարկն է այն օրերի, «երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում»։ 

 

Բակունցի Գորիսը Հայաստանի վայրի արևմուտքն է, որտեղ մարդու և արջի միջև մարտերն ընդունվում են գործնական մոտեցմամբ, իսկ անտառապահները վայրի վարազի պես են։  Բակունցի կարճ և ազդեցիկ նկարագրությունները Գորիսի թանձր անտառներին ավելի շատ թանձրություն են հաղորդում։ 

ՀԵՂԻՆԱԿ

Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում: