Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Lights. Camera. Aznavour!

Երբ չէր ցնցում բեմից, Շառլ Ազնավուրը լուսավորում էր էկրանը կինոսերների սերունդների համար:

Հոկտեմբերի 6, 2018  |  հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան

Այս շաբաթ մահախոսականները գուժեցին Շառլ Ազնավուրի մահվան բոթը: Ֆրանսահայ շանսոնյեն, որ հանրահայտ «Hier Encore», «She» և հազարավոր այլ սիրված երգերի հեղինակ է, մահացավ 94 տարեկան հասակում։ «Ֆրանսիայի Ֆրենք Սինատրան» և CNN-ի «Դարի արվեստագետն» իր տեղը հավերժացրեց երաժշտության պանթեոնում, թեև պակաս հայտնի չեն նրա բեղմնավոր ձեռքբերումները կինոյում. հավասարապես բացառիկ ժառանգություն `գալիք սերունդներին:

Ստորև` համառոտ ակնարկ Ազնավուրի ավելի քան 60 ֆիլմերից։

1. «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (Tirez sur le pianiste) | 1960 | Ֆրանսուա Տրյուֆո

Իր «400 հարված» ֆիլմի միջազգային հաջողությունից հետո ֆրանսիական Նոր ալիքի ռեժիսորներից մեկը` Ֆրանսուա Տրյուֆոն, ավելի լարված սյուժեով ու դասական կառուցվածք ունեցող ֆիլմ ստեղծելու ցանկություն ուներ. ֆիլմ, որը «չափազանց ֆրանսիական» չէր լինի։ Եվ արդյունքում նա նկարահանեց «Կրակե՛ք դաշնակահարի վրա» ժապավենը. նուար ժանրը հիշեցնող և ամերիկյան ազդեցություն կրող մի ֆիլմ, որը, այնուամենայնիվ, արդյունքում դարձավ Նոր ալիքի առաջատարներից։ Ֆիլմի հիմնասյունը Շառլ Ազնավուրն է: Նա մարմնավորում է նրբանկատ ու միամիտ դաշնակահարի, որն ընկնում է հանցավոր աշխարհի խորշն ու խճճվում բարդ սիրային պատմության մեջ։ «Իր նուրբ կազմվածքով նա նման է սբ. Ֆրանցիսկ Ասսիզեցուն», — ասել է Տրյուֆոն։ Իրականում, Տրյուֆոն դաշնակահարի կերպարը ստեղծել էր հենց Ազնավուրի համար։ Բնական է, որ Շառլը հեշտությամբ մարմնավորեց կերպարը ու հանդիսատեսին շշմեցրեց իր խաղով։ Տասնամյակներ անց Շառլին հասցեագրված նամակում Տրյուֆոն գրում է, — «Քեզ նկարահանման հրապարակում իմ առջև տեսնելն ինձ մեծ վստահություն էր տալիս։ Ուշադիր ու լայնախոհ, բծախնդիր ու ճկուն... ջղագրգիռ ու պոետիկ… դու զարմանալի դերասան ես»։

2. «Գլուխը` պատին» (La tête contre les murs) | 1959 | Ժորժ Ֆրանժյու

Իր նուրբ ու չափավոր պաթոսով և դեմքի ապրված կնճիռներով` Շառլը կոչված էր խաղալու կինոյում։ Դեռ Տրյուֆոյից առաջ ֆրանսիացի վավերագրող կինոռեժիսոր Ժորժ Ֆրանժյուն հրավիրել էր Շառլին իր առաջին գեղարվեստական ֆիլմը նկարելիս։ «Գլուխը` պատին» ֆիլմը պատմում է աննպատակ ըմբոստ մի երիտասարդի մասին, որն, ի վերջո, հայտնվում է հոգեբուժարանում։ Ահա այնտեղ էլ նա հանդիպում է մեկ այլ հիվանդի՝ Շառլի մարմնավորած կերպարին, ում հետ փախուստ են պլանավորում: Ֆիլմը ծավալվում է սյուրռեալիստական հաջորդականությամբ, որոնցում էլ տեսնում ենք փոքրիկ Շառլին, կարծես երազում։

3. «Հռենոսի անցումը» (Le Passage du Rhin) | 1960 | Անդրե Կայատ

«Ես միշտ առաջ եմ գնում», — ասում է Ազնավուրը։ «Ինձ համար հետքայլ չկա»։ Եվ ահա նրա հաջորդ քայլը մրցանակակիր ռեժիսոր Անդրե Կայատի հետ համագործակցությունն էր։ Նրա՝ 1960 թվականի «Հռենոսի անցումը» ֆիլմը սիրո ու պատերազմի մասին է։ Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն ֆրանսիական, այլև գերմանական տեսանկյունից։ Սա հանդուգն քայլ էր այդ ժամանակաշրջանում, ու Նոր ալիքի կինոքննադատները շտապեցին դատապարտել այն։ Դատե՛ք ինքներդ։  

4. «Հայր Գորիո» (Le Père Goriot) | 2004 | Ժան-Դանիել Վերեգ

Շառլ Ազնավորի վերջին լավագույն դերերից մեկը Ժան-Դանիել Վերեգի «Հայր Գորիո» ֆիլմում էր։ Ազնավուրը հանդես է գալիս առևտրական Գորիոյի դերում, ով իր ամբողջ կարողությունը վատնում է դուստրերի ամուսնության վրա։ Շառլը կատարյալ կերպով է մարմնավորում կերպարը՝ փոխանցելով դուստրերի կողմից շահագործված ծեր մարդու ողջ տառապանքն ու ափսոսանքը։ Ազնավուրին այս դերի համար ընտրել էր ֆիլմի պրոդյուսեր Ժակ Դերքյուրը, որը տարիներ շարունակ Ազնավուրի հետ աշխատելու միտք էր ունեցել։

5. «Արարատ» (Ararat) | 2002 | Ատոմ Էգոյան

2002 թվականին կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նկարահանեց «Արարատ» ժապավենը. ֆիլմ ֆիլմի մեջ, պատմություն պատումի մեջ և 1915թ.-ի Հայոց ցեղասպանության՝ անսպառ արտացոլվող ու բեկվող ուսումնասիրություն։ Քրիսթոֆեր Փլամերը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը և Դեյվիդ Էլփեյը մի քանիսն էին այն նշանավոր դերասաններից, որ նկարահանվեցին այդ կինո-էքսպերիմենտում։ Բայց հենց Շառլ Ազնավուրն էր, որ, ռեժիսոր Էդուարդ Սարոյանին մարմնավորելով, լուսավորեց ֆիլմը, ու երբ այն արժանացավ բազում հակասական կարծիքների՝ ոտքի ելավ այն պաշտպանելու։ «Ես երբեք չեմ զգացել ատելություն, որովհետև ես ատելության մեջ չեմ մեծացել», — ասաց Շառլը մի մամլո ասուլիսի ժամանակ Կաննում պրեմիերայից հետո։ «Ես չեմ ատում, որովհետև ինձ ատել չեն սովորեցրել»։

Եվ իրոք, հենց այդ մնայուն զգացողությունն է, որ կարևորում է Ազնավուրի իրական ժառանգությունը։ Երաժշտության ու կինոյի այս վարպետի արվեստի ու արհեստի խորքերում և այդ երկուսում նրա հաջողության բանալին Շառլ Ազնավուրի անհերքելի մարդկայնությունը, անկեղծությունն ու սերն էին։

ՀԵՂԻՆԱԿ

Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում: