Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Հարցազրույց Անահիտ Պետրոսյանի հետ

Մեր «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթող Անահիտ Պետրոսյանը ներկայացնում է իր  պաստառի հիմնական խորհրդանիշները, հուշումներ է տալիս գաղափարը ավելի լավ ըմբռնելու համար և խոսում ապագայի իր ծրագրերի մասին

Սեպտեմբերի 19, 2019  |  հեղ.` Creative Armenia

CA. Մի փոքր պատմեք «Creative Armenia»-ի ձեր կինոպաստառի մասին։ Ինչպիսի՞ն էր Ձեր մոտեցումը այս մարտահրավերին։ Ի՞նչ էիք ուզում փոխանցել ձեր պաստառի միջոցով։

ԱՊ. Ֆիլմի պաստառի դիզայնը մտածելիս նախ փորձում էի պատկերացնել ֆիլմի սցենարն ու հերոսներին։ Գործողությունները պետք է տեղի ունենային մեր իրականության մեջ, քանի որ մրցույթի անվանումն ինքնին ասում էր ամեն ինչ։ Ճարտարապետական տարրերը, շենքերը, էլեկտրական սյունը ու բոլոր բաղադրիչները հուշում են, որ սա Հայաստանն է։ 

Իսկ ոճն ընտրելիս ոգեշնչվել եմ ֆրանսիական «Նոր ալիքի» ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի ֆիլմերից՝ բերելով դա մեր ժամանակներ: Պաստառով ցանկանում էի անդրադառնալ արտագաղթի, գործազրկության, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների առջև կանգնած երիտասարդների ճակատագրերին։ Մտացածին ֆիլմի այս պաստառի միջոցով ուզում էի արտահայտել այն միտքը, որ որքան էլ գորշ ու ճնշող թվա ներկան, միշտ կան ստեղծարար լուծումներ ու թեթև թռիչքի հնարավորություն։

CA. «Creative Armenia» կոչվող ֆիլմը երևակայական է։ Ինչի՞ մասին է ձեր «Creative Armenia»-ն: Հակիրճ կնկարագրե՞ք։

ԱՊ. Ֆիլմը երիտասարդ տղայի մասին է, որը փորձում է գտնել իր կյանքի ուղին։ Ունենալով բարձրագույն կրթություն՝ չի կարողանում ռեալիզացնել իր գաղափարները և առնչվում է բազում խնդիրների հետ։ Սոցիալական կարծիքը, ամենօրյա գոյատևման հարցը և պայծառ ապագա ունենալու մասին երազանքները լցնում են նրա օրը բազում մտքերով։ Պաստառում կարող եք տեսնել Խորհրդային մոդեռնիզմի շրջանին բնօրոշ շենքեր, որոնք որքան յուրօրինակ են, նույնքան էլ հիշեցնում են անցյալի կարծրացած կյանքը, որից պետք է դուրս պրծնել վստահ թռիչքով։ Էլեկտրական սյունն իր լարերով, որոնք ամենուրեք ուղեկցում են տղային։ Լարերն ասես քաղաքի երակները լինեն։ Ուր որ գնում է, իր հետ են՝ գրանցում են իր ճանապարհը։

CA. Կպատմե՞ք ձեր ստեղածարար գործունեության և կարիերայի մասին։

ԱՊ. Դեռևս մանկուց սիրել եմ արվեստն ու մշակույթը։ Երբ փոքր էի՝ հաճախում էի երաժշտական դպրոց՝ դասական վոկալի դասերի։ Հետո բացահայտեցի ինձ համար դիզայնի աշխարհը ու սկսեցի ապրել դրանում։ Սովորեցի Երևանի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի բաժնում ու մասնագիտացա գրաֆիկ դիզայնի մեջ։ Ավելի մեծ ձեռքբերումներ ունեցա, երբ Իտալիայում մասնակցեցի դիզայնի միջազգային սեմինարի, որտեղ մշակում էի կոնցեպտուալ  դիզայնի առաջարկներ հանրային տարածքներում մշակութային ծրագրերի իրականացման համար:

Սակայն, ստեղծագործական կարիերայիս ամենաբուռն շրջանը սկսվեց Զանգակ հրատարակչությունում աշխատելիս, որտեղ ստեղծում եմ այնպիսի գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքերի շապիկներ, ինչպիսիք են Ջոզեֆ Հելերի «Catch-22», Կաձուո Իսիգուրոյի «Օրվա մնացորդը» վեպերը եւ այլն։

CA. Ո՞րն էր «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի ամենադժվարին մասը։

ԱՊ. «Ֆիլմի պաստառի» դիզայն մարտահրավերի դժվարությունն այն էր, որ չկային սահմանափակումներ։ Դա անսահմանափակ ստեղծագործելու հնարավորություն էր տալիս։ Ինչքան էլ տարօրինակ է հնչում, բայց երբ կարող ես անել ամեն ինչ՝ հաճախ չես կողմնորոշվում, որ միտքն իրագործել։ Ուստի ավելի շատ ժամանակ եմ ծախսել ֆիլմի սցենարն ու կերպարը մտածելու վրա, քան պաստառի իրագործման։

CA. Ո՞րն է Ձեր ստեղծագործական կարիերայի երկարաժամկետ տեսլականը։

Մասնագիտական քաղցն ինձ միշտ հետապնդում է, և չեմ բավարարվում իմ ունեցած գիտելիքներով։ Մտադրված եմ ավելի մեծ փորձ ձեռք բերել դիզայնի և իլյուսրացիայի ոլորտում։ Նոր նախագծեր եմ սկսել, որոնց մասին շուտով կհայտարարեմ։ Մոտ ապագայում ցանկանում եմ դասավանդել դիզայն և հիմնադրել դիզայն ստուդիա։