top of page

Ինչպես տապալել քասթինգը

Կամ ինչպես հաջողել։ Քասթինգի հոլիվուդյան մասնագետն առանձնացնում է հինգ փուլ, երբ ամեն ինչ կարող է ճիշտ կամ սխալ գնալ։

Մայիսի 23, 2017  |  հեղ.` Բրեդ Գիլմոր

Screen Shot 2019-01-23 at 3.41.51 PM.png

Քասթինգներն ասես պատիժ լինեն։ Դրանք տագնապահար են անում դերասաններին, մոլորեցնում դերասանների ընտրությամբ զբաղվող գործակալներին, հուսահատության գիրկը նետում պրոդյուսերներին ու հեղինակներին։ Դրանց մթնոլորտը շատ հաճախ հագեցած է անվստահությամբ ու խարդավանքով։ Տաղանդն ինչպե՞ս փայլի կամ բացահայտվի մի իրավիճակում, որն ավելի շատ նման է գերզբաղված բժշկի կաբինետ այցին։ Այս հարցը վաղուց ի վեր թեւածում է շոու բիզնեսի գլխավերեւում։

 

Ապամիստիֆիկացման փորձով՝ ես քասթինգը բաժանել եմ հինգ առանցքային փուլերի՝ 1. Սպասասենյակ, 2. Մուտք սենյակ, 3. Անցում դրվագին, 4. Դերակատարում եւ 5. Ելք։

 

Փորձության իմաստն ըմբռնելու համար դերասանները պետք է գիտակցեն, որ իրենց միշտ լսում են երկու բանի համար միաժամանակ։ Մեկն ինքնին ստանալիք դերն է, իսկ մյուսը՝ կայուն տեղը քասթինգի տնօրենի մտքում։ Իհարկե, այս կամ այն դերը ստանալու անխափան հնարք չկա, բայց եթե կատարելության հասնեք նկարագրվող հինգ փուլերում, ձեզ հաստատ կհիշեն եւ, գրեթե վստահաբար, ապագայում դեր կտան։

 

Մաս 1. Սպասասենյակ

 

Լինել՝ մեծահոգության ու բարեսրտության մարմնացում

Չլինել՝ նենգամիտ եւ ուրիշի տակը փորող

 

Սպասասենյակը վախի ու անվստահության համատիեզերական խորհրդանիշն է՝ դերաբաշխում լինի, թե աշխատանքային որեւէ այլ հարցազրույց։ Դերասանի համար սա վատ է նաեւ նրանով, որ սպասասենյակում նստած բոլորը հիմնականում նույն տեսքն ունեն. այսինքն ճշտիվ նման են քեզ։ Երբեմն մրցակիցներդ հայտնի մարդիկ են, որոնց հազար անգամ տեսել ես էկրանից, բայց հիմա, կողքիդ նստած, սպասում են իրենց հերթին, որ մրցեն քո դերի համար։ Նման իրավիճակում կարող ես զգալ քեզ բացարձակ զրո, այնինչ վերջին բանը, որ պիտի անես՝ քեզ զրոյի պես պահելն է։
 

Առանց անձս բացահայտելու՝ ես երբեմն նստում եմ գործակալությանս սպասասենյակում՝ ականատեսը դառնալով, թե ինչպես են դերասանները հատուկ մոլորեցնում մյուսներին առ այն, թե որ էջերն են կարդացվելու, տեսնում եմ՝ ինչպես են գլուխ գովում վերջին հաջողություններով՝ ճիշտ թե սուտ, եւ ընդհանուր առմամբ թունավորում մթնոլորտը սեփական անապահովության զգացումով։ Մի անգամ քասթինգի սպասող դերասաններից մեկն ինձ հարցրեց՝ «վերջերս աշխատած կա՞ս»։ Ձայնի տոնն ամեն ինչ արժեր։ Նա չգիտեր իհարկե, որ նույն պահին ես աշխատանքի մեջ էի։ Բայց միեւնույն է, նրա նենգամիտ հարցը անինքնավստահության մի մեծ ալիք առաջ բերեց ու ես՝ քասթինգի մասնագետս, ում մոտ նա ուր որ է մտնելու էր քասթինգի, սկսեցի մտմտալ, թե ինչու ներգրավված չեմ ավելի շատ նախագծերում։ Պատկերացնում եմ՝ շարքային դերասանն ինչ կզգար։ Սրիկան գիտեր իր արածը։

 

Եւ դրանով հանդերձ՝ նա դեր չստացավ։ Սպասասենյակում խարդավանք ձեռնարկելով՝ մրցակիցներիդ գուցեեւ վախեցնես ու քշես լեռները (կամ յոգայի մոտակա կենտրոն) և մեթոդներդ քասթինգի գծով տնօրենը գուցեև չնկատի, բայց իմացի՛ր՝ քո իսկ դերալսմանը մտնելու ես ստեղծածդ բացասական էներգիայով հանդերձ։ Իսկ դա զգացվելու է։

 

Զգացվելու է նաեւ մեկ այլ բան։ Երբ ես դեռ դերասանների ընտրության գծով օգնական էի, աչքովս ընկավ Քասիդի Ֆրիման անունով մի աղջիկ։ Նա նստած էր սպասասենյակում, որը մենք կիսում էինք դերասանների ընտրությամբ զբաղվող մեկ այլ գործակալության հետ։ Նրա մեծահոգությունն անհնարին էր չնկատելը։ Նրանում բացառիկ կայծ ու էներգիա կար։ Այդ աղջիկն ինձ ցնցեց, իսկ երբ դարձա քասթինգի տնօրեն, առաջինը եղավ, ում լսեցի ու դեր տվեցի՝ իր ամենաառաջին դերը։ Շատ չանցած՝ ես նրան դեր տվեցի ուրիշ՝ «Finishing The Game» («Ավարտելով խաղը») ֆիլմում, որի ռեժիսորը Ջասթին Լինն էր («Fast & Furious: Tokyo Drift», «Star Trek Beyond)»։ Հետագայում նա խաղաց նաեւ «Smallville» եւ «Longmire» հեռուստասերիալներում։

 

Դերալսումը սկսվում է դեռ տեքստը կարդալուց առաջ։ Մի՛ եղիր 90210 սերիալի հայտնի դերասաններից մեկի նման, որը մի անգամ մտավ գրասենյակս ու ենթադրելով, թե մանր պաշտոնյաներից մեկն եմ՝ սկսեց «ղեկավարներիս» մոտ վրաս գոռալ կայանատեղիում գլխին թափված տերեւների պատճառով։ Նրա մազերին ոչինչ չէր եղել։ Բայց դերը նա չստացավ։ 

Screen Shot 2019-01-23 at 3.41.59 PM.png

Մաս 2. Մուտք սենյակ

 

Լինել՝ վստահ

Չլինել՝ հուսահատության փոթորիկ

 

Ահա մտնում ես մի սենյակ, ուր սոված տեսքով քեզ են սպասում պատժիչ ջոկատի անդամները եւ ի վերուստ նայելով՝ կարծես ասում են «դե պարի տեսնենք, կապիկի մեկը»։ Նրանք՝ տարբեր տեսակի պրոդյուսերները, իսկապես շատ սոված են… Նրանք ուղղակի ուտել են ուզում կամ մինչեւ ուրբաթ սպասում են Չինաստանից փոխանցման, որ նախագիծը չտապալվի։ Քասթինգի տնօրենը, սակայն, շատ ուշադիր է եւ կարող է իսկույն եւեթ նշմարել ձեր էությունը մատնող թաքուն նշանները։

 

Աչքերի մեջ մեկ հայացք, ու ես սկսում եմ տարբերակել՝ լա՞վ ձեռքերում եմ արդյոք, անհանգիստ չե՞մ այս դերասանի համար, նրա եսը չի՞ փոշիացնի հարթակում անհրաժեշտ քիմիան, կկարողանա՞ առանց խոչընդոտների գլուխ բերել դերը կամ ռեժիսորական փոփոխությունները։

 

Յուրաքանչյուր դերասանի առաջնագույն ու մշտական դերը վստահ դերասան լինելու դերն է։ Սենյակ մտեք վստահ։ Ձեւ արեք, թե դերը ձեզ միեւնույն է։ Քասթինգի տնօրենին (ու բոլոր ներկաներին) դրեք ոչ թե ապագա ղեկավարի, այլ ձեր լսարանի տեղում։ Գործակալությանը վերաբերվեք իբրեւ թատրոնի, ոչ թե դատարանի։ Դուք եկել եք ժամանց ապահովելու, եկել եք խաղալու, ձեր սիրած գործից ինքներդ հաճույք ստանալու եւ, եթե խելոք լինենք ու բախտավոր, ձեր տաղանդը մեր գործին ի սպաս դնելու։ Ընդամենը խաղացեք։ Իհարկե, այս կարգի վստահությունը շատ հազվադեպ է պատահում եւ հաճախ անարդար կերպով բաժին է ընկնում 90210 սերիալի տերեւ փչողներին։

 

Եթե երբեւէ հազվագյուտ այդ վստահությունը տեսնեմ դերասանի մեջ, չեմ մոռանա։

 

Մաս 3. Անցում դրվագին

 

Լինել՝ դուք ինքներդ

Չլինել՝ պատրաստի Լոուրենս Օլիվիե

 

Քասթինգի մեկնարկին շատ դերասաններ անմիջապես փոխում են ձայնը, կեցվածքը, առոգանությունը, ընդհանուր կերպարը… Սովորաբար՝ դա լավ չէ։ Հենց նոր խոսում էինք առօրյա բաներից, ու մեկ էլ հանկարծ դիմացիս անձն անհետանում է հերոսական մի դերակատարման մեջ։ Մի անգամ դերասաններից մեկն իր քասթինգը սկսեց՝ սենյակով մեկ վազելով (դրվագը տեղի էր ունենում Կենտրոնական զբոսայգում ընկերովի վազելիս)։ Մի ուրիշը սկսեց վայրենի ճիչով, իսկ հետո ուսերիցս բռնած՝ ինձ պոկեց գետնից ու քիչ էր մնում թմբկաթաղանթս պայթեցներ։ Մի քանի վայրկյան դրանից առաջ մենք զրուցում էինք գրողների գործադուլից։ Այսպիսի կտրուկ անցումը Մեծն Դերասանի ինձ ստիպում է մտահոգվել, թե երկու անհատականություններից ո՛րն էր իսկականը ու ո՛ր կետում ինձ խաբեցին։ Բացի դրանից, եթե տվյալ դերը ձեզնից այդքան մեծ կերպարանափոխություն է պահանջում, ինչո՞ւ եք կարծում, թե համապատասխանում եք դրան։

 

Անհամեմատ ավելի տպավորիչ է լինում, երբ դերասանը սկսում է խաղալ դրվագն առանց ակներեւ փոփոխությունների՝ ասես խոսակցություն բացելով։ Մի՛ փոխեք ձեր ձայնն ու շարժուձեւը։ Ցույց տվեք մեզ, որ կարող եք տեքստը, ուրիշի գրած դրվագը, ձեզնից տարբերվող կերպարը բերել ու միահյուսել ձեր սեփական անհատականությանը։ Չեմ ասում՝ հեշտ է։ Բայց եթե անեք, ինքնաբերաբար ձեզ լուրջ դիտարկման առարկա կդարձնեք, անգամ եթե ֆիզիկապես այնքան էլ չեք համընկնում մտածված կերպարին։ Ես ունեմ մի վերջնացուցակ, որի դերասաններին ամեն հնարավոր առիթով կանչում եմ դերալսման, անգամ եթե նրանք լրիվ սխալ են դերի համար, քանի որ վստահ եմ, որ նրանք մեծ եռանդ կներդնեն ու կկենդանացնեն իմ սենյակը, այլ կերպ ասած՝ ուրախ կդարձնեն իմ գործը։ Միշտ կա շանս, որ նրանք մեզ կոգեշնչեն՝ լիովին վերափոխելու դերը, հարմարեցնելով հենց իրենց։

 

Եւս երկու խորհուրդ։ Վստահ եղեք՝ մենք գիտենք, որ դուք կարող եք վազել, եւ աղաչում ենք՝ երբեք մի կտրեք մեզ գետնից։ 

Հենրի Թոմասը սահուն մտնում է կերպարի մեջ ու ստանում իր պատմական դերը «Այլմոլորակայինը» ֆիլմում

Մաս 4. Դերակատարում

 

Լինել՝ ինքնագիտակից, նրբազգաց

Չլինել՝ քասթինգի նպատակի առումով շփոթված

 

Քասթինգը կարող է սկսվել անհարթ։ Նորմալ է։ Դերասանները տարբերվում են նրանով, թե ինչպես են վարվում, երբ հունից ընկնում են։ Մեծ մասը զոռ տալով շարունակում է սխալ ուղղությամբ, մինչեւ որ դրվագը կավարտվի։ Սխալ է։ Եթե արդեն հասկացել եք, որ լավ չի ընթանում, իմացեք՝ մենք հասկացել ու հասկացել ենք։ Մի անգամ ութսունականների հայտնի սրտակեր եկավ մոտս դերալսման՝ մի ջինսով, որի ծնկներին այնքան մեծ ծակեր կային, որ նստելիս երեւակեցին նրա ողջ ստորին հատվածը։ Քասթինգի հենց սկզբից մենք ուղղակի մեր տեղը չէինք գտնում։ Սա զգալով՝ նա դարձավ անվստահ, բայց նույն ոգով շարունակեց առաջ մինչեւ դրվագի վերջը՝ իր ջինսի թելերով հետը քարշ տալով նաեւ մեզ։

 

Կարո՞ղ եք ահավոր իրավիճակը շրջել՝ հօգուտ ձեզ։ Այո՛։ Զգացիք, որ մեխվել նայում ենք ձեր ոսկրոտ ծնկների՞ն, ուրեմն մի պահ դադար առեք ու որեւէ կատակ բաց թողեք, թե ինչու արդեն ի վիճակի չեք նոր շալվար գնելու։ Սրանով դուք կգրավեք լսարանը։ Ցավոք, ութսունականների սրտակերը դա չարեց։ Հակառակը, գլուխն առած վազեց առաջ՝ չհասկանալով, որ ջինսն առնելուց հետո եկած երեք տասնամյակների ընթացքում իր ծնկներն արդեն կորցրել են վաղեմի հմայքը։

 

Եթե հասկացել եք ձեր ֆալշստարտը, կանգ առեք դրվագի սկզբում եւ խնդրեք նորից սկսել։ Սա ցույց կտա ձեր ինքնագիտակցումը, վստահությունը եւ լավագույնին հասնելու ձգտումը։ Ձեզ չեն դատի սկզբնական սխալի համար։ Ուղղակի մի շարունակեք սխալը եւ մի սպասեք վերջին, որ խնդրեք նորից սկսել։

Հիշեք՝ իմ գործը տվյալ դերի համար ճիշտ դերասանին ընտրելն է, այլ ոչ թե մեկ հանդիպման ընթացքում կատարյալ դերակատարում տեսնելը։ Քասթինգը ոչ մի դեպքում չպիտի դերակատարում լինի։ Ինձ համար դուք ավելի կարեւոր եք, քան ձեր դերակատարության անթերիությունը։


Մաս 5. «Եւ… վե՛րջ» – Ելք

 

Լինել՝ դուրս գալ

Չլինել՝ ոտքը կախ գցել

 

Մի անգամ քասթինգի ավարտին դերասաններից մեկը ատրճանակ պարզեց վրաս. մեջը փամփուշտ չկար, զուտ տպավության համար էր։ Եթե «Քասթինգի արդի բառարանում» նայելու լինեք «լավ բան չեղավ» արտահայտությունը, կտեսնեք հենց այդ դերասանի նկարը, ընդ որում՝ ուղիղ «երբեք այլեւս» հոդվածի տակ։ Քասթինգի ավարտը հրաշալի հնարավորություն է տալիս առողջ դատողություն բանեցնելու համար։ Հարգալից շնորհակալություն հայտնեք, հավաքվեք ու դուրս եկեք։ Իմացեք՝ վերջ, ավարտվեց։ Մի՛ սկսեք հուսահատություն շաղ տալ «իսկ ե՞րբ կզանգեք» կամ «ախր ես ավելի լավ կարող եմ անել» տիպի մեկնաբանություններով… 

 

Վստահություն ցույց տվեք՝ գործընթացի էությունը հասկանալով։ Բարեկիրթ եղեք իմ եւ վախի սպասասենյակում նստած բոլոր դերասանների նկատմամբ։ Ի վերջո, նրանք բոլորն էլ ճիշտ եւ ճիշտ ձեզ նման են։

 

ԵԶՐԱՓԱԿԵԼՈՎ ՄԻՏՔՍ

 

Սա կարդալով՝ ասպարեզի սկսնակը գուցե հանգի ապշեցուցիչ մի բացահայտման՝ որ դերասանների ընտրող գործակալներն ու պրոդյուսերները եւս մարդ են։ Սա մասամբ ճիշտ է։ Լավ թե վատ՝ մասամբ մարդ լինելը ազդում է մեր որոշումների վրա։ Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու են կասկածելի տաղանդի տեր դերասանները շարունակում դերը դերի հետեւից ստանալ։ Հաճախ տրվող պատասխանն այն է, որ նրանց հետ չափից հեշտ է աշխատելը։ Սա թերեւս վատ նորություն լինի որոշ տաղանդավոր սրիկաների համար, բայց չէ՞ որ սա ձեր օգտին է։ Եթե դուք ինձ դուր գաք ու ես զգամ, որ ձեր կերպարը գոնե մի քիչ գերազանցում է Հոլիվուդում նորմալ անձնավորություն լինելու վաղուց արդեն ստորգենտյա նշաձողը, ձեր շանսերը հրավառության պես կլուսավորվեն երկնքում։

 

Եւ ձեզ, իհարկե, հետ կզանգեն։ 

Դեյվիդ Քրոսը՝ Միսթեր Շոուի «Դերալսումը» սքեչում

ՀԵՂԻՆԱԿ

Բրեդ Գիլմորը դերաբաշխում է իրականացրել տասնյակ կինոնկարների համար, ներառյալ` «1915»-ը, «Նախկին ընկերուհուն թաղելիս», «Ավարտելով խաղը. նոր Բրյուս Լիի որոնումը»։ Այժմ նա «Մահանալ ծիծաղելով» ֆիլմի նախապատրաստական փուլում է Sony Worldwide-ի համար։ Երկու անգամ նոմինացվել է Ամերիկայի քասթինգի միավորման Artios մրցանակին իր ակնառու ձեռքբերումների համար «Մուրճերի պայուսակը» (2012) և «Էլֆերը» (2016) ֆիլմերում։

bottom of page