Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Թաղված գանձ. Կոստան Զարյանը խորը կապուտակ ծովում 

Արվեստի և գրականության բնույթի մասին տեսակետներով

Թարգմանությունը՝ Արա Բալիոցյանի

Մարտի 4, 2019  |  հեղ.` Ալեք Մուհիբյան

Ինչպես Լորդ Բայրոնը, Կոստան «Կոստանդին» Զարյանը հայերեն սովորել է քսանամյա հասակում Սուրբ Ղազար կղզում։ Ռուսերենից ու ֆրանսերենից հետո հայերենն իր երրորդ լեզուն էր։ Այնտեղից 1913թ.-ին նա տեղափոխվեց Ստամբուլ` հիմնելու «Մեհյան» գրական հանդեսը մի խումբ հայ գրողների հետ, որոնց անունները Օսմանյան կառավարության բնաջնջման ցուցակի առաջին տեղերում էին։

1915թ.-ին նա մազապուրծ եղավ բնաջնջումից։ Ստամբուլ վերադարձավ միայն 1920թ.-ին նոր գրական հանդես հիմնելու, բայց նորից ստիպված էր գաղթել։ Գաղթի ճամփան անցնում էր այրվող Իզմիրով։ 1922թ.-ին նա վերջապես հասավ Երևան, որտեղ սկսեց աշխատել համալսարանի ամբիոնում` ավետյաց հայրենիքում հաստատվելու մեծ ակնկալիքներով, ճիշտ այն պահին, երբ իր ավետյաց հայրենիքը վերածվեց բոլշևիկյան խելագարանոցի։ 1925թ.-ին համեմատական թարգմանչության դասընթացի իր ուսանողները հանձնեցին նրան «չեկա»-ին` խորհրդային դոկտրիններն արհամարհելու համար։ Նա փախուստի դիմեց։ Տասնամյակներ շարունակ թափառում էր Եվրոպայում, Միջին Արևելքում, ԱՄՆ-ում` տարօրինակ գրական գործեր վերցնելով, բազմաբնույթ աշխատանքներ կատարելով ու փորձելով վերագտնել իր ճակատագրի անհամաչափ առեղծվածը։ Ժամանակ առ ժամանակ նա խմբագրում էր Նյու Յորքի «Armenian Quarterly» հանդեսը, իսկ Փարիզում՝ «La Tour Babel» ֆրանսալեզու հանդեսը` Պիկասոյի, Դելոնեի, Շագալի նկարազարդումներով։ Քանզի փախուստի վայրերն արդեն սպառվել էին, 1961թ.-ին Զարյանը վերադարձավ Խորհրդային Երևան, որտեղ կատարելապես գրաքննության ենթարկվեց մինչև իր մահը` 1969թ.-ը։

«Գրեթե առասպելական որակների տեր, վայրի ու չարաճճի գրական անձ», — Զարյանին այսպես էր բնութագրում նրա մոտ ընկեր Լորենս Դարելը, ով գովաբանում էր նրան իր պոեմներում, «Պրոսպերո» վեպում, և «Կոստան Զարյան։ Եռակի աքսոր» վերնագիրը կրող էսսեում։ Վերնագրում նշված թիվը մի քանի աքսորով պակաս է իրականությունից։ Զարյանը ոչ միայն բազմաթիվ անգամներ աքսորվել է. նա ինքնին աքսորի մարմնացում էր։ Նա որոշեց գրել իր իրական գործերը ոչ թե ռուսերենով, որն իր առաջին լեզուն էր, կամ էլ ֆրանսերենով, որով մտածում էր, այլ իր աղոթքների լեզվով` հայերենով` վաղաժամ լռեցված մշակույթի լեզվով։ Այս որոշման արդյունքում գրական աքսորը նույնքան տառապանք պատճառեց աշխարհին, որքան գրողին։ Գուցե Զարյանը առաջին խոշոր գրողն էր խորհրդային համակարգի ներսում, ով պարզորեն տեսնում էր կոմունիստական ստի միջով և տեսածը հանձնում թղթին։ Նրա շշմեցնող 1926թ.-ի «Անցորդը և իր ճամփան» հուշագրությունը հայտնվեց միայն «American Diaspora» հանդեսում՝ դուրս մնացած աշխարհի տեսադաշտից։

Զարյանի գործերի մեծ մասը մնում է չհրատարակված որևէ լեզվով։ Նրա գրքերից միայն երեքը գոյություն ունեն անգլերենով` «Անցորդը և իր ճամփան», «Բանկոպը եւ մամութի ոսկորները» (1934թ.) և «Կղզին և մի մարդ» (1955թ.)։ Այս գրքերը հատորներով հրատարակվել էին Բոստոնի վաղուց չգործող «Hairenik Monthly-ի» կողմից,  և այժմ տպագրությունից դուրս են, բայց շնորհիվ հրաշալի թարգմանիչ Արա Բալիոզյանի, դրանք գոյություն ունեն։

Ստորև անդրադառնում ենք «Կղզին և մի մարդ» ստեղծագործությունը։ Զարյանի` թեթևակիորեն գեղարվեստական դարձված օրագիրը` գրված Իսկիա կղզում (Նեպալի ծովածոց)։ Այն ներառում է մի շարք մտորումներ արվեստի ու գրելու բնույթի շուրջ։ Հուսամ այն ձեզ նույն զգացողությունները կպարգևի, որ ինձ է պարգևել. հանդիպում ոչ միայն թաղված գանձի, այլ մի ամբողջ մեկուսի կղզու` իր փոփոխվող բարձունքներով, եզակի տեսարաններով և ճշմարտությամբ պարարտ հողով։

                                                                                                                                               

                                                                                                                                                    — Ալեք Մուհիբյան

Գլուխ 1 | Էջ 195 

     Հիմա հասել եմ տեղ։ Ծովափին կանայք լւացք են անում։ Ծիծեռնակները սրընթաց անցնում են։

     Այն, ինչ որ անւանում ենք տեղ, իրականութիւնների կուտակւած շերտաւորումներ են։ Անպատմութիւնը ծածկող պատմութիւն։

     Անպատմութիւն։ Նա հետս չէ։ Իսկ ես ուզում էի նրան ասել, որ մտածումների, յուզումների ծփացող ծովի տակ կայ մի ուրիշ, աւելի մի խոր կեանք, որին մասնակից ենք, բայց որին չենք գիտակցում։ Եւ այդ բառերով, որ բաց են անում շղարշները եւ ոչ թէ վարագուրում իրականութիւնը։ Հողերի տակ վառւած լոյսերի կանչը եւ բարձր գագաթների մեծղի ծարաւը։

Գլուխը 2 | Էջեր 217 - 218 

     Լիմոնադի բացւող շիշերը անդադար տրաքում են։ Տեղ տեղ, աղմկալից ծիծաղում են։ Պաղպաղակի գոյներ հագած երիտասարդները պոռում, բղաւում են։ Մայրերը բարձրաձայն բարկանում են երեխաների վրայ։ Երեխաները դեռ աւելի են ճչում։ Ձայների եւ գոյների այդ հրախաղութեան վրայից սաւառնում է շինծու, կանացի մի երջանկութիւն։ Թէպէտ երկինքը մաքուր է, աստղերը հեռացել են։ Մօտի խանութները լեցուն են միրգով։ Մի տեղանի վրայ կտոր կտոր անուշեղէններ են ծախում։

     Այս ամբոխը ուզում է խաբել կեանքը, իսկ իրականութեան մէջ կեանքն է, որ խաբում է նրանց։ Կեանքը դառնում է լիմոնադի շիշի տրաքոց, ծամածռութիւն, հաստ շրթունքների թեթեւ զգայնութիւն։ Եթէ այդ սրտերի վրայից խաբկանքը քերես, տակը կը մնայ անապատ։ Կերւած նարինջի կորիզները կը թափւեն ամեն կողմ եւ կճեպները կը թառամեն:

___

     Դիմացի սրճարանը մեծ մասով օտարականներով է լեցւած։ Սրճարան պահողը հաստ, կարճահասակ մի կին է։ Խորամանկ, սիրալիր, գործը իմացող։ Այնտեղ ամեն ինչ ծախու է, ամեն ինչ կարելի է գնել։ Հազար ու մի պատմութիւններ են պատմում։

     Ինձ հաճելի չեն նաեւ նրա յաճախորդ օտարականները։ Որոշ մտայնութեան եւ որոշ բարքերի մարդիկ են, որ իրենց տձեւութիւնները ծածկում են արւեստի կամ գրականութեան կորնթարդ հայելիների մէջ։ Միջազգային այդ ծանօթ տարրն է, որին հանդիպում ես Պարիզում, Լոնդոնում եւ գրեթէ ամեն տեղ Իտալիայում։   

     Միջազգային։ Իսկական արւեստագէտը համամարդկային է եւ ոչ թէ միջազգային։

     Այդ, այո՛։

     Ծառը, բոյսը, լեռը՝ համամարդկային են։ Ջազը միջազգային է։ Միջազգային է մեծ մասամբ այն, ինչ որ շինծու է, արհեստական։ Համամարդկայինը՝ ընդհանուրը յարմարեցնում է իրեն, իսկ միջազգայինը յարմարւում է ուրիշներին։

     Ծառը, բոյսը, լեռը։

     Ինձ նման տարագիրը պէտք է նրանց պահի իր սրտի խորքում։ Նրանց տեսնի եւ նրանցով աճի, նրանցով գոյանայ։

     — Սպասաւո՛ր, մի գարեջուր եւս։

     Նրանցով աճի։

Դանտէն՝ մեր հայրը տարագիր էր։ Նա ամբողջ տիեզերքը զետեղեց Ֆլորանսի պատերի ներսում։ Աշտարակների շուրջը։ Արնոյի մերկացած ափերին։ Երբ նա գրում էր, իր գրւածքները այժմէական չէին։ Այժմէական եւ միջազգային էին պրովանսալ երգերը եւ պրովանսալ լեզուն ու բարքերը։

     Իսկ հիմա ո՞ւր է Պրովանսը, եւ ո՞ւր են իր երգերը։

Գլուխ 3 | Էջեր 233 - 234 

     Սեղանների շուրջը մեծ մասամբ օտարական, այսպէս կոչւած արւեստագէտներ են նստած։ Սրւած, անբաւական նայւածքներով, ծամածռւող շրթունքներով եւ դիմակացած ժպիտներով։

     Այդ մարդկանց մեծ մասը ապրում է կեանքի եզրին։ Արւեստը, երբ ճակատագիր չէ, անզօրութիւն է. ինքնախաբէութիւն։

 

     Դեղձը ճերմակ գինու մէջ՝ համերի կատարեալ միացում է։

     Բլրան ետեւը դանդաղօրէն լուսաւորւում է։ Երեւում է լեցուն լուսնոյ գնդի ոսկեզօծ ծայրը։ Դաշտանկարը կախարդւում է։

     Ծովը բաց է անում իր թագաւորական ճանապարհը։

     Մի կում գինու հետ այդ հրաշքը ներս է խուժում եւ մարմինիս մէջ անուշ, հաճելի մի լոյս տարածում։ Ամեն մի մութի ետեւ անակնկալ մի լոյս է տարածւած։ Բացարձակ եւ մնայուն խաւար գոյութիւն չունի։ Ոչ իսկ մահը խաւար է։ Մահով խորասուզւում ենք տիեզերքի խորքերը եւ սպասում, որ բլրան ետեւից ծագի նոր լոյսը։ Բացւի թագաւորական ճանապարհը եւ ոսկէ նաւի վրայ մեզ տայի կատարեալ լիութեան։

Գլուխ 5 | Էջ 277 

     — Ջոյսը պարզ բաների կիսախաւար անցք է։ Իրլանդացի լպրծուն անձրեւներով, խոնաւ քամիներով եւ ըմբոստ ծովի ալիքներով ծեծւած մի հաւատամք։ Երկու դողդոջուն ձեռքերի մէջ սեղմւած այդ կրակը երբեմն հրապուրիչ է եւ ջերմ, բայց անբաւական է լուսաւորելու համար կեանքի գաղտնիքները։ Ջոյսից — ինչքան էլ նա այդ ուզէ թաքցնել — աստւածաբանութիւն է հոտում, աւելի շուտ կատեխիզմ։ Անդիմադրելի, կլանող, ոգեւորող հաւատք չէ, այլ մանւածոյ յոռետեսութիւն։ Ասածս պարզ կարծիք է։ Իրլանդան չեմ տեսել, եւ շատ բաներ մնում են անորոշ։

     — Ջոյսը Իրլանդան չէ, այլ Դըբլինը։

     — Դըբլինցիները…

     — Այո՛։ Հոյակապ չե՞ն։

     — Կարդացել եմ մեծ հաճոյքով։

     «Երեւանցիները դեռ չեն գրւած, — մտածում եմ։ — Ո՞վ պիտի գրի։ Այսօր հայ գրագէտը չի գրում, այլ գրւում է»։ 

Գլուխ 6 | Էջ 293 

     Տեսիլքը ինք անձն է՝ մոգական մի հայելու մէջ արտացոլւած։ Մի իրականութիւն, որ զետեղւում է մի ինչ որ բարձր յարկի վրայ եւ փոխւում հոգեկանի։

     Աշխարհը մեր մարմնի շարունակութիւնն է եւ կրկնութիւնը։ Մարդկային սիրտը կախւած է կրծքի մէջ, երկրագնդի ծիր խաւարման անկիւնի հաւասար աստիճանով, այսինքն քսաներեք աստիճան եւ կէս։

     Տեսիլքը եւ այն ինչ որ ներկայանում է մեր ներքին եւ արտաքին աչքերին՝ անդրպատմական է։ Իրական։ Աստւած իսկ կարող է իր պատկերացումը գտնել միայն կենդանի անձի տեսողութիւնով եւ ոչ թէ ընդհանուր մտածողութեան թելադրանքներում։

     Ոչ հրաշքը եւ ոչ սրբութիւնը՝ աւելի ճիշտը սրբին՝ կարելի չէ ենթարկել վերլուծման։ Հրաշքին հաւատացողը մասնակցում է գերբնական եղելութեան ա՛յնքանով ինչքանով ուժգին է իր լինելու կարողութիւնը։ Իր միանալու եւ ներքնապէս կերպարանափոխւելու կարողութիւնը։

     Հրաշքը եւ սրբութիւնը կարելի չէ մտածել։

     Մտածես՝ կ’անհետանան։ Ուստի, ի՞նչպէս բացատրել սրբերի գոյութիւնը։ Եթէ նրանց կարելի չէ մտածել, եթէ իրականի մէջ նրանք գոյութիւն չունեն, ի՞նչպես է, որ նրանք հոգեբանօրէն ներկայ են։ Պարզապէս, որովհետեւ սրբին պաշտողը անձնաւորւում է սրբի հետ։ Սուրբը բաժանւում է հաւատացեալների մէջ, միանում նրանց անձին, լինում նրանք։

     Մերժւած՝ չքանում է։  

ՀԵՂԻՆԱԿ

Ալեք Մուհիբյանը «1915» ֆիլմի համասցենարիստ/ռեժիսորը եւ Creative Armenia-ի ծրագրերի եւ արտադրության փոխնախագահն է։