Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Արևելքից արևմուտք. զրույց Վիգեն Գալստյանի հետ 

Վիգեն Գալստյանը, 2019թ.-ի «East-West Residency» ծրագրի երկրորդ արվեստագետը, Բրյուսելից վերադարձել է բազում պատմություններով 

հոկտեմբերի 17, 2019  |  հեղ.` Creative Armenia

Համադրող, արվեստաբան, լուսանկարիչ և կինոռեժիսոր Վիգեն Գալստյանն իր սեպտեմբեր ամիսն անցկացրեց Բրյուսելի Վիլա Էմպենում՝ որպես մեր 2019թ.-ի «East-West» կացության արվեստագետ։ Այժմ, նա վերադարձել է՝ պատմելու սիրելի հիշողությունների, կարևորագույն բացահայտումների և այն մասին, թե ինչու յուրաքանչյուրը պետք է այցելի Գենտ քաղաքը։  

CA: Դուք համադրել եք ավելի քան 15 ցուցահանդես Հայաստանում և Ավստրալիայում։ Ինչպե՞ս է Ձեր հայաստանյան գործունեությունը ազդում Ավստրալիայում ծավալած գործունեության վրա, և հակառակը։ Ինչպե՞ս արվեստով ողողված Բրյուսելը նպաստեց դրան։ 

ՎԳ. Համադրողի մոտեցումս ձևավորվեց Ավստրալիայում, որտեղ կա արվեստի համադրության երկարտև և բավականին մեծ փորձառություն։ Իմ գործունեության մեջ կիրառած մեթոդները մեծապես ազդված են եղել դեկոնստրուկտիվ մտածողությամբ, որը գերակշռում էր իմ համալսարանական ուսումնասիրություններում, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահում՝ երկու տարի պաշտոնավարման պրակտիկ փորձառությանս մեջ։ Այնուամենայնիվ, համադրողի աշխատանքի հետագիծը որոշվում է բովանդակության, թեմայի և գաղափարների ընտրության շնորհիվ։ Իմ պարագայում, դրա վրա մեծ ազդեցություն ուներ արդի հայ արվեստի և մշակույթի հանդեպ իմ հետաքրքրությունը։ Երբ ասում եմ հայ, ենթադրվում է նաև այն բարդ ու միջմշակութային ցանցը, որը տարածաշրջանի մշակույթները կապում է իրար։ 

Տարբեր երկրներով ուղևորվելու հնարավորությունը աշխատանքի անհրաժեշտ մասն է։ Այն տալիս է ավելի լայն հեռանկարներ, որն անհրաժեշտ է ընթացիկ համաշխարհային մտածողության և փորձառությունների հետ համատեղ առաջ գնալու համար։ Առանց նման փոխանակման շատ հեշտ կարելի է դուրս մնալ ավելի լայն երկխոսություններից և լճանալ։ 

Այս առումով, Բրյուսելը համաշխարհային արվեստի հիանալի մանրակերտ է։ Այն այդքան էլ շռայլ և շքեղ չէ, որքան արվեստի մյուս մեծ կենտրոններն, ինչպիսիք են Լոնդոնը կամ Փարիզը, բայց արդի է մնացած բոլոր դեպքերում։ Ես ուրախ էի բացահայտել, թե որքան միջդիսցիպլինար և համադրողական մարտավարություններ կան Բելգիայի մայրաքաղաքում՝ սկսած խոշոր թանգարաններից մինչև փոքրիկ պատկերասրահները։ Սակայն ամեն ինչ արվում է ճաշակով և դիտողի պահանջների հանդեպ խիստ ուշադրությամբ։ Ամենից շատ Բրյուսելը թույլ է տալիս ժամանակակից արվեստի կարևորագույն մտահոգությունների համայնապատկերը և արվեստի շուկայի միտումները տեսնել։ 

CA: Վիլա Էմպենում անցկացրած Ձեր մեկ ամսվա ընթացքում որոշել էիք զարգացնել Ձեր «բանասիրական» արվեստի նախագիծը։ Կպատմե՞ք նախագծի և ամսվա ընթացքում դրա առաջխաղացման մասին։ 

ՎԳ. Նախքան համադրող դառնալս ես հավակնոտ արվեստագետ էի և տարիներ շարունակ փորձում էի սեփական արվեստի նախագծերը զարգացնել, չնայած դրանք հրապարակայնորեն ներկայացնելու ցանկություն չունեի։ Ինչևէ, արվեստաբանական աշխատանքիս առավել խրթին տեսանկյունները ինձ ստիպեցին որոնել հետազոտական աշխատանքներս իրականացնելու այլ ձևեր և եղանակներ որոնել, այնպիսիք, որոնք դուրս կլինեին էսսեների և ցուցահանդեսների ստանդարտ ձևերից։ Նախագիծը, որի վրա աշխատում էի Բրյուսելում, գաղափարների, նշումների և հայտնաբերումների խառնակույտ է, որոնք հավաքել եմ վերջին երեք տարիների ընթացքում։ Այն համադրողական արվեստի գործ-ինստալյացիա է՝ հիմնականում բաղկացած հայտաբերված պատկերներից և իրերից, ինչպես նաև իմ լուսանկարներից, որոնք դիտարկում են, թե ինչպես են արդի տեսողական մշակույթն ու  տեխնոլոգիան ստեղծել «ազգի» գաղափար. մի թեմա, որն ինձ տարիներ շարունակ մտագոհել է։ Բրյուսելի կացությունն ինձ հնարավորություն տվեց ստեղծելու այս աշխատության կապակցված հիմնակառույցը և ավարտելու ինստալյացիան կազմող գործերից երեքը։ Սա մի գործընթաց է, որը պահանջում էր առանձնություն, ամբողջական ներգրավվածություն և կենտրոնացում, և կասկածում եմ, որ երևանյան առօրյայիս հորձանուտի մեջ կկարողանայի անել այն։ 

CA. Պատմեք ծրագրի ամենահիշարժան իրողությունների մասին։

ՎԳ. Ինձ ցնցել էր պատկերասրահների երիտասարդ ղեկավարների և կոլեկցիոներների հսկայական թիվը, որոնց հանդիպել էի Բրյուսելի արվեստի շաբաթավերջի ընթացքում։ Այնտեղ տեսադաշտը իրոք ծաղկում է։ Վիլա Էմպենում և Բրյուսելի դիզայնի թանգարանում նույնպես կային երկու բացառիկ ցուցահանդեսներ, որոնք ինձ մեծապես ոգեշնչեցին։ Ես ուրախ էի Վիլայում կացությունս անցկանցել լիբանանցի հրաշալի արվեստագետ Մարիա Քասաբի հետ, որի աշխատանքները պատկանում են ներկային։ Հույս ունեմ նրա գործերը ապագայում ներառել իմ ցուցահանդեսներում։ Պետք է նաև նշեմ հիասքանչ Jeu de Balle շուկան, որը իսկական դրախտ է կոլեկցիոներների և արվեստագետների համար, որոնք աշխատում են հայտնաբերված իրերի հետ։ Հուզիչ մի պահ ապրեցի, երբ գտա եգիպտահայ լուսանկարիչ Արամ Ալբանից հիանալի մի լուսանկար՝ հին լուսանկարներով լցված մի տուփից։ Ալբանը 1930-ական թվականներին Բրյուսելում աշխատարան ուներ, բայց մեր օրերում քչերը գիտեն նրան։ Ես աշխատում եմ նրա հետահայաց ցուցահանդեսի վրա, և այս ցնցող լուսանկարը իր տեղը կգտնի այնտեղ։   

CA. Ստեղծարար կացության ընթացքում հանդիպե՞լ եք դժվարությունների։    

 

ՎԳ. Գիտակցելը, թե որքան տարբեր կարող են լինել մշակույթները, երբեմն դժվարին էր, ինպես նաև, թե որքան եմ կարոտում Երևանը։ 

 

CA. Ինչպե՞ս եք պատրաստվում կիրառել «East-West Residency» ծրագրի Ձեր փորձառությունը և ինչպե՞ս եք պատրաստվում շարունակել Ձեր աշխատանքը Հայաստան վերադառնալուց հետո։ 

 

ՎԳ. «East-West Residency»-ն ինձ տվեց արվեստի գործունեությունս շարունակելու մեծ վստահություն։ Այժմ, երբ նախագիծս ունի հստակ կառուցվածք, ես կձգտեմ այն վերջական տեսքի բերել և ցուցադրել առաջիկա վեց ամիսների ընթացքում։ Իմ պրոֆեսիոնալ կյանքում ես բավականին ազատ գրաֆիկ ունեմ, սակայն Բրյուսելից հետո մեծ սիրով ժամանակս համակարգելու հարցում ավելի կազմակերպված կլինեմ։ Կացությունը տրամադրեց ինձ նոր կապերի և համագործակցության ցանցի բազում հնարավորություններ և հստակեցրեց, որ կան հայաստանյան արվեստը բրյուսելյան համատեքստում ներկայացնելու տարբեր եղանակներ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում կլինեն մի շարք հայ-բելգիական համատեղ նախագծեր և կաշխատեմ այդ նպատակի ուղղությամբ։    

 

CA: Ֆլամանդական արվեստի քաղաքը՝ Գենտը, կարծես թե Ձեզ տպավորել էր։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչու էիք այդքան ոգեշնչված։ 


ՎԳ. Գենտը այնպիսի քաղաք է, որը ես սիրում եմ. հարուստ պատմական ժառանգությամբ փոքրիկ քաղաքային միջավայր, որը չի դադարել զարգանալ։ Այն այնպիսի քաղաք է, որը ստիպում է քեզ մտածել իր ճարտարապետության, էվոլյուցիոն շրջանների,  վերածննդի և ձախողումների մասին։ Այստեղ ֆլամանդական ինքնության առանձնահատկությունները գալիս են առաջնապլան։ Ինձ նաև դուր էր գալիս, թե որքան բաց և ուրախ էին Գենտի բնակիչներն՝ ի տարբերություն Բրյուսելի, որը շատ պաշտոնական կոսմոպոլիտ է։ Գենտը ամբողջապես շինված է ցուցահանդեսներից և մարդասիրական  նկատառումներից՝ իր մասշտաբից մինչև սնվելու և հաղորդակցվելու մշակույթը։ Բոլորը կարծես իրոք երջանիկ էին։ Տպավորիչ է, թե ինչպես են նման քաղաքները մրցակցում մայրաքաղաքների հետ, որպես յուրօրինակ մշակութային հանգույցներ՝ իրենց յուօրինակ մոտեցումներով, որոնք նույնքան կարևոր են, որքան մայրաքաղաքներինը։ Սա մի մոդել է, որը Հայաստանը պետք է կիրառի հանուն իր ապագա տնտեսական և մշակութային զարգացման, քանի որ այժմ Երևանը կարծես թե կլանում է երկրի գրեթե ամբողջ մտավոր ռեսուրսները՝ այսպիսով բևեռացնելով ամբողջ ազգը։