top of page

Creative Armenia-ի գործունեության մեկնարկը Երևանում

Թերրի Ջորջը, Ատոմ Էգոյանը միանում են 5.000 ԱՄՆ դոլար պարգևատրումով մարտահրավերի ժյուրիին:

Հուլիսի 4, 2017  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-22 at 9.06.29 PM.png

Creative Armenia-ի թիմը Երեւանում՝ Տաթեւիկ Մանուկյան, Կարին Հովհաննիսյան, Անի Մուրադյան, Վասիլ Շահբազյան եւ Արփինե Հախինյան 

Միացյալ Նահանգներում նախորդ ամիս տեղի ունեցած պաշտոնական մեկնարկից հետո, որն իրականացվել էր «Խոստում»-ի և UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում, Creative Armenia-ն սկսում է իր գործունեությունը Երևանում: Այդ մասին պաշտոնապես հայտարարվեց երեկ՝ «Գրանդ հոթել Երևան»-ում հրավիրված ընդունելության ժամանակ, որին հրավիրվել էին մասնակցելու հանրապետության ֆիլմարտադրության առաջատար ընկերությունների, մշակութային կազմակերպությունների, դեսպանատների և նախարարությունների ներկայացուցիչներ:

«Creative Armenia-ի նպատակների իրականացման համար կազմակերպության ներկայությունը Հայաստանում կենսական նշանակություն ունի», - ասաց հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։ «Լոս Անջելեսից մինչև Երևան՝ մեր աշխատանքը տաղանդավոր արվեստագետների բացահայտումն է թվային դարաշրջանում»։

Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է արվեստի, մարդու իրավունքների և ստեղծարար տեխնոլոգիաների հատման արդյունքում: Այն մեկնարկում է մշակութային մի շարք ծրագրերով՝ դրամաշնորհների տրամադրմամբ, թվային ամսագրի թողարկմամբ, ժամանակակից սեփական արտադրանքով։ Կազմակերպության մեկնարկային ձեռագիրը ստեղծարար մարտահրավերների շարքն է։

Այդ շարքից առաջինը վիդեո մարտահրավերն է օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը») կողմից: Այն շատ պարզ է. կարո՞ղ եք արդյոք նկարահանել մարդու իրավունքների մասին պատմող ֆիլմ 60 վայրկյանում՝ առանց երկխոսությունների։ Մրցանակը կազմելու է 5.000 ԱՄՆ դոլար: Իսկ մրցանակակրին որոշելու է ժյուրին:

Ժյուրիի կազմը ներկայացվեց Երևանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ՝ օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջ, Կաննի «Ոսկե արմավենու» դափնեկիր ռեժիսոր Ատոմ Էգոյան («Լուսավոր գալիք», «Արարատ»), սոցիալական ազդեցության ոլորտում հանրահայտ Բոննի Աբաունզա («Արյունոտ ալմաստ», «Խոստումը»), սոցիալական ազդեցության հանրաճանաչ կինոգործիչ Կառլա Կարապետյան («Ճչացողները»), Ջեսսիկա Պիկ՝ UCLA-ի՝ մարդու իրավունքների «Promise» ինստիտուտի տնօրենի օգնական, և Փիթեր Բիսանզ` UCLA-ի՝ սոցիալական ազդեցության ժամանցի՝ Skoll կենտրոնի գործադիր տնօրեն։

Screen Shot 2019-01-22 at 9.16.15 PM.png

Մարտահրավերի ժյուրին՝ Թերրի Ջորջը, Բոննի Աբաունզան, Ատոմ Էգոյանը, Կառլա Կարապետյանը, Փիթեր Բիսանզը եւ Ջեսսիկա Պիկը

Մարտահրավեր 001-ի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը՝ խրախուսելու դիմումները Հայաստանից։ Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիների մասնակցությունն անվճար է։ Բայց մարտահրավերը բաց է բոլոր կինոգործիչների համար՝ անկախ աշխարհագրությունից և ազգությունից։ Դիմումներն ընդունվում են www.creativearmenia.org կայքի միջոցով։

Անհայտ մի բարերարի, «Գյուլբենկյան» հիմնադրամի և «Խոստումի» հետ համագործակցության արդյունքում հիմնադրված Creative Armenia-ն ներկայացված է Լոս Անջելեսում և Երևանում գտնվող ստեղծարար թիմերով և հիմնադիր խորհրդով, որի մեջ մտնում են Գրեմիի մրցանակակիր երաժիշտ Սերժ Թանկյանը, պրոդյուսեր դոկտոր Էրիկ Էսրաիլյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, դերասան Սիմոն Աբգարյանը, դերասան-դրամատուրգ Էրիկ Պողոսյանը, կինոգործիչ Կառլա Կարապետյանը և դիզայներ Մայքլ Արամը։

bottom of page