top of page

Յուղաներկ՝ կտավի վրա

Եվ ավելին Բուրչին Բաշարի արվեստի մասին

Հունվարի 28, 2018  |  հեղ.` Creative Armenia

Burçin.png

Creative Armenia - AGBU Fellow Բուրչին Բաշարը խիստ փիլիոսփայական մոտեցում ունի արվեստի հանդեպ, նա ոգեշնչումները փնտրում է արվեստի և իր իսկ պատմության մեջ։ Ստամբուլում ծնված նկարչուհու կտավները ցուցադրվել են Թուրքիայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։

 

CA. Ե՞րբ եք սկսել նկարել:

ԲԲ. Պատասխանն ակնհայտ է` միշտ եմ նկարել։ Միշտ ասել եմ, որ նկարչուհի եմ դառնալու, և միջին ու ավագ դպրոցի տարիներին, ինչպես նաև, նախքան ակադեիմայում արվեստ ուսումնասիրելը, նկարչական դասընթացների գրանցվեցի։

 

CA. Ինչպե՞ս որոշեցիք արվեստը կարիերա դարձնել:

ԲԲ. Ակադեմիա ընդունվելուց հետո արդեն գիտեի, որ կարիերաս հենց արվեստում եմ շարունակելու, բայց այդ ուղին ենթադրում էր շատ դժվարություններ, ու ոչ մի երաշխիք չկա։ Հարկավոր է քրտնաջան աշխատել, կայուն ու համառ լինել։  

 

CA. Ձեր առաջին անհատական ցուցահանդեսը` «Վերադարձ»-ը, անցնում է Եղեռնի ժամանակ Ձեր ընտանիքի պատմության հետ Ձեր կապի հետքերով։ Պատմությունը կարևո՞ր դեր ունի Ձեր ստեղծագործություններում։  

ԲԲ. «Վերադարձ»-ը ամբողջովին կառուցված էր Մալաթիայի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների հիման վրա. դա կարծես ընտանիքիս պատմությունը լինի։ Երկրորդ ցուցահանդեսս` «Գիշատիչ»-ը, հիմնված է իսրայելական «Չադ Գադյա» երգի վրա, և անդրադառնում է գոյության պայքարին մի համակարգում, որտեղ օդը, հողը, բույսերը, կենդանիներն ու մարդիկ ուտում ու մարսում են իրար, ինչպես նաև այն փաստին, որ փնտրելով նոր համակարգեր` մենք ստեղծում ենք նորանոր քաոսներ։  

 

Կատուն ուտում է գառնուկին, շունը խեղդում է կատվին, փայտը ծեծում է շանը, կրակն այրում է փայտը, ջուրը մարում է կրակը, ցուլը խմում է ջուրը, մսագործը մորթում է ցլին, մահվան հրեշտակը խլում է մսագործի կյանքը։ Դեռ որքա՞ն է նման ցնորքը շարունակվելու այսպես։ Ու վերստին, ամենը կրկնվում է։

 

CA. Որոշե՞լ եք` ինչպես եք օգտագործելու Creative Armenia - AGBU Fellowship-ը Ձեր կարիերան զարգացնելու առումով:

ԲԲ. Որոշ մասը նյութերի ծախսերի վրա, իսկ որոշ մասը ճամփորդելու, նոր թանգարաններ ու ցուցասրահներ այցելելու վրա։

 

CA. Ասում եք, որ արվեստը պատումի մի տեսակ է Ձեզ համար։ Կմանրամասնե՞ք:

ԲԲ. Ինձ համար արվեստը նյութ է, պատումի մի ձև, գաղափար է, արտահայտության ձև, մարտահրավեր, տարակուսելու ու հասկանալու ձև: Այն կենդանի օրգանիզմ է, որը խոսում է։ Անսահմանություն, որում տեղաշարժվում ենք ու միմյանց հետ կապ հաստատում ու որքան ավելի ենք տեղաշարժվում ու փորձառություն հավաքում, այնքան ավելի շատ տեղեկություն ենք ստանում։ Երբ ես աշխատում եմ, ես հարցադրումներ եմ անում ու սկսում պատասխաններ փնտրել։ Երբեմն ընդունում եմ արդեն գոյություն ունեցող պատասխանները ու ուղղորդում դրանք, իսկ երբեմն էլ չեմ ընդունում։ Երբեմն միայն նկարելը բավարար չի լինում, ու ես հարցականի տակ եմ դնում նյութը, եռաչափ տարածությունը ու ներկան։ Ես փորձում եմ հետևել ներկային` իր բոլոր քաղաքական խնդիրներով, կարդալ ու հետևել արվեստին ողջ աշխարհում` միևնույն ժամանակ փորփրելով գեղարվեստականորեն ու փիլիսոփայորեն։

 

CA. Ի՞նչ նյութեր եք օգտագործում Ձեր արվեստում:

ԲԲ. Հիմնականում յուղաներկ` կտավի վրա, բայց փորձարկումներ եմ անում բոլոր այլ նյութերով ու տեխնիկաներով։

 

CA. Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ վրա ստեղծարար ազդեցություն ունեցել:

ԲԲ. Արվեստի ողջ պատմությունը։ Գեղանկարչությունը, քանդակագործությունը, իհարկե կինոն, գրականությունը և երաժշտությունը։ Ունեմ այս ամենի, ինչպես նաև ժամանակակից արվեստների կարիքը։

 

CA. Ձեր ստեղծագործական կարիերայի համար ի՞նչ տեսլական ունեք:

ԲԲ. Միջազգայնորեն ճանաչված լինել։

 

CA. Ինչպիսի՞ առավելություններ ու մարտահրավերներ կան Ստամբուլում նման արվեստով զբաղվելու համար:

ԲԲ. Եթե ընդանրացնեմ, ապա կարծում եմ` ամենուրեք ու ամեն իմաստով է դժվար արվեստով զբաղվել։ Այժմ Ստամբուլում բազում ցուցասրահներ ու կոլեկցիոներներ կան, այնպես որ երիտասարդ արվեստագետներն ահագին աջակցություն ունեն։ Լավ համադրողներից շատերը լուրջ աշխատանք են տանում արվեստագետներին հանրայնացանելու համար։ Կարծում եմ, եթե լրջորեն աշխատում ես, կարող ես մի բանի հասնել։

bottom of page