Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Նեգատիվ տարածք

Արթուր Մակարյանը բեմ է հանում ֆանտաստիկն ու բացառիկը

Հունվարի 28, 2018  |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia - AGBU Fellow Արթուր Մակարյանի ուղևորությունը դեպի թատրոնի և օպերայի աշխարհ արտասովոր է։ Նրա ֆանտաստիկ երևակայությանն օժանդակում են կազմակերպվածությունը, կրթությունը և աշխարհի առաջատար մի քանի ռեժիսորներից քաղած դասերը։

CA. Ինչո՞ւ որոշեցիք կարիերան շարունակել օպերային ռեժիսուրայում:

ԱՄ. Երբ փոքր էի, տանը հզոր ակուստիկայով մեծ խոհանուց ունեինք, որտեղ փակվում էի ու սկսում գոռալ, բղավել։ Մի օր էլ բացահայտեցի մի հնչյուն, որ բավականին հաճելի էր ու կառավարելի. սկսեցի փորձեր անել հետը։ Երբ հինգերորդ դասարանում էի, ուսուցիչը որոշեց մեզ տանել Երևան՝ «Տրավիատա» օպերան լսելու։ Դահլիճում նստած` իմ առաջին օպերան լսելիս ես վերջապես զգացի, որ հարազատ տեղ եմ գտել։ Այնպես էի ուզում միանալ բեմի կատարողներին և իրենց պես երգել։ Անցան տարիներ, և ես սկսեցի, ռեժիսորական դասընթացներիս զուգահեռ, հաճախել նաև երգի և դաշնամուրի դասերի։ Ինչ-որ պահի հարց ծագեց՝ ի՞նչ ուղի եմ ընտրելու։ Շատ լավ գիտեի, որ ինձնից ավելի լավ երգիչներ կան, այնպես որ հետևեցի իմ ուժեղ կողմին՝ ռեժիսուրային։ Ու ի վերջո, դասական երաժշտության ու ռեժիսուրայի համադրումն ինձ բերեց օպերայի ռեժիսուրայի:  

CA. Ինչպե՞ս է օպերային բեմադրումը տարբերվում թատրոնի բեմադրումից:

ԱՄ. Դրանք բազում առումներով նման են։ Բայց օպերայի ռեժիսորը պետք է ունենա երաժշտական ուսում, ինչը թույլ կտա նրան հասկանալու օպերայի երաժշտական դրամատուրգիան։ Եթե օպերան վատ է բեմադրված, նվագախումբը գուցե փրկի իրավիճակը, և հակառակը։ Մոգական բան է ստացվում, երբ երկուսն էլ լավ են արված։ Մինչդեռ թատրոնում նվագախումբ և դիրիժոր չկա, որ փոխհատուցի վատ բեմադրումը, և ռեժիսորն է վերահսկում բեմի վրա կատարվող ամեն մանրուք՝ շարժումից մինչև խոսք, երաժշտությունից մինչև լռություն։ Բացի այդ, օպերայի պարագայում բեմադրող ռեժիսորը հազվադեպ է պատասխանատու երգվող բառերի արտահայտչականության համար։ Դա դիրիժորի և վոկալի մասնագետի աշխատանքն է։     

CA. Դուք սովորել եք երեք խոշոր համալսարաններում, իսկ 2017թ.-ին ստացել եք «Օպերայի ռեժիսուրայի դրամաշնորհ» Ջուլիարդի համալսարանից։ Կարևորու՞մ եք ֆորմալ կրթությունը, և ինչպե՞ս է այն ձեզ օգնել:

ԱՄ. Ես մի ընտանիքից եմ, որտեղ կրթությունը ամենաառաջնային դերն ունի։ Նույնիսկ երբ ֆինանսական դժվարություններ էին լինում, ծնողներս միշտ իմ ու եղբորս կրթության համար ունենում էին խնայողություններ։ Շնորհիվ կրթության նկատմամբ մշակած մոտեցմանս` ես գտել եմ ինքս ինձ արտահայտելու և նոր մշակույթներ բացահայտելու ազատությունը։ Եթե նման հիմնարար կրթություն ստացած չլինեի, երբեք չէի ինքնաբացահայտի այն տարբեր մշակույթներում, որոնցում կրթություն եմ ստացել, ոչ էլ կսովորեի ֆրանսերենով ու անգլերենով վարժ խոսել։ Կրթությունս իմ առջև պրոֆեսիոնալ կյանքի նոր արկածների բազում դռներ է բացել։

CA. Դուք սովորել եք Հայաստանում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում։ Կրթության մոտեցումներն ու ուսուցման պրակտիկաները տարբերվու՞մ էին այս երեք երկրներում և ինչպե՞ս:

ԱՄ. Ես բավականին ծավալուն կրթություն եմ ստացել Հայաստանում և մշակել եմ տրամաբանության առանձնահատուկ մոտեցում, որով հպարտանում եմ։ Ֆրանսիայի Սորբոնի համալսարանում սովորել եմ մտքերս համակարգել պարզ կառուցվածքի միջոցով։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի փորձառությունս լեգենդար Էնն Բոգարթի ղեկավարության ներքո ավելի շատ ուղղորդված էր պրոֆեսիոնալ զարգացմանս ու իրական աշխարհում դրա կիրառմանը։ Կոլումբիայի համալսարանում ես երեք տարի շարունակ ներգրավված եմ եղել մանրակրկիտ լաբորատոր աշխատանքի մեջ. աշխատում էի լարված միջավայրում, որտեղ սովորեցի ոչ միայն թե ինչպես ընդգծել իմ ուժեղ կողմերը, այլև գիտակցել աքիլեսյան գարշապարս։   

CA. Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ վրա ստեղծարար ազդեցություն ունեցել:

ԱՄ. Երեք գիրք կա, որոնք ազդեցություն են թողել ինձ վրա՝ որպես ռեժիսորի։ Բյուխների «Վոյցեկ» գործը, Մայակովսկու «Փայտոճիլը» և Խարմսի «Այսօր ոչինչ չգրեցի» վեպը։ Առաջատար բեմադրիչներից հիանում եմ Լեհաստանի Քշիշտոֆ Վարլիկովսկիով, Իտալիայի Ռոմեո Կաստելուչիով և Ֆրանսիայի Կլոդ Ռեժիով։  

CA. Պատմեք կարևոր մի բանի մասին, որը սովորել եք տարբեր ռեժիսորների հետ աշխատելիս:

ԱՄ. Ռոմեո Կաստելուչիից սովորել եմ, որ բեմի վրա ամենամեծ շարժումը անշարժությունն է։ Իվո վան Հովից սովորել եմ, որ ամենաստացված դերասանական կատարումը հաճախ նախապես հաստատված կանոնների ու վստահության արդյունք է, որոնք, ի վերջո, վերածվում են բացարձակ ազատության և թռիչքի։ Թադաշի Սուզուկիից սովորել եմ, որ երբեմն հնարավոր է` ֆիզիկական լարվածությունից «արյուն միզես», բայց հաճախ հենց դա՛ է արվեստ ստեղծելու իսկական գինը։  

CA. Ձեր ստեղծագործական կարիերայի համար ի՞նչ տեսլական ունեք:

ԱՄ. Այժմ իմ նպատակը թատերախումբ ստեղծելն է, որը կկենտրոնանա նոր աշխատանքների վրա։ Ինչքան էլ որ դասական գործերը միշտ արդի են, ես զգում եմ կարիքը նոր ստեղծագործությունների, որոնք կօգնեն վերստեղծել և վերաձևակերպել` ինչ է մարդ լինելը։ Ես ինքս ինձ ժանրերի ներսում սահմանափակելու կարիքը չեմ տեսնում և ուզում եմ ստեղծել գործեր, որոնք արվեստագետի իմ իրական կնիքը կստանան, երկրից երկիր ու թատրոնից օպերա կանցնեն։ Իմ մասնագիտության մեջ սիրում եմ այն, որ ինձ ճամփորդելու հնարավորություն է տալիս՝ նույնիսկ չորս պատի ներսում։   

CA. Որոշե՞լ եք` ինչպես եք օգտագործելու Creative Armenia - AGBU Fellowship-ը Ձեր կարիերան զարգացնելու առումով:

ԱՄ. Այս fellowship-ը ինձ տալիս է տանը լինելու զգացողություն ու հնարավորություն` լրացնելու նախորդ տարվա բացը, որի ընթացքում ես Հայաստանում գործունեություն չծավալեցի։ Ես կշարունակեմ Հայաստանում անցկացնել դերասանական դասընթացներ պրոֆեսիոնալ կատարողների հետ միասին ու զարգացնել նախագծեր։ Շատ կարևոր է ստեղծել կամուրջ իմ միջազգային և հայաստանյան գործընկերների միջև, ցուադրել միջազգային բեմահարթակներում հայկական արտադրությունները և մեծացնել Հայաստանի մշակութային ներկայությունը։    

CA. Պատմե՛ք Ձեր առօրյա ստեղծագործական ռեժիմի մասին:

 

ԱՄ. Հիմնականում իմ օրը լի է դերասանների, երգիչների, դիզայներների, դրամատուրգների և կոմպոզիտորների հետ հանդիպումներով։ Այդ հանդիպումները հաճախ մի ամբողջ օր են տևում։ Քանի որ վերջերս ես ինքս եմ կազմակերպում իմ գործերը, օրս լի է լինում գրաֆիկի կազմակերպմամբ, թղթաբանությամբ և գործնական կապեր հաստատելով։ Կյանքը հատկապես զբաղված է դառնում, երբ պատրաստվում եմ միջազգային շրջագայությունների։

CA. Պատմե՛ք մեզ «նեգատիվ տարածքի» մասին:

ԱՄ. Ինչպես ռոմանտիզմի պոետ Ջոն Քիթսն է ասում, «Նեգատիվ տարածքը տարակուսանքներն են, առեղծվածները, կասկածները՝ առանց դյուրագրգռորեն տենչալու փաստին ու բանականությանը»։  

 

Ես միշտ փորձարկում եմ հնարավորի «նեգատիվ տարածքը» ու ձեռքս մեկնում ու հանում եմ նոր իրականություններ՝ դրանց կյանք տալով։ Ես ժամանակ եմ հատկացնում ֆանտաստիկին ու անհավանականին այցելելուն և գիտակցում եմ այն պահերը, երբ խուսափում եմ «նեգատիվ տարածքում» մնալուց, քանի որ ընդունված դրական տարածքը լքելը և դեպի նեգատիվը գնալը վախեցնող է. այնտեղ քեզնից պահանջվում է լինել նորարար առաջնորդ։ Նեգատիվ տարածքում որևէ բան բացահայտելուց հետո ես կիրառում եմ պատումը՝ կամրջելով ընդունվածն անսովորին։ Այս ամենի ամենաբարդ պահը մարդկանց համոզելն է ընկալել աշխարհն ինչպես դո՛ւ ես այն տեսնում և ցույց տալ, որ դա կարևոր է։